Ի՞նչ ես անում դու ուրիշների համար։
Մարտին Լյութեր Քինգի այս հարցադրմանն ամեն մեկն իր պատասխանն ունի։ Ոմանք այս հարցին կպատասխանեն իրենց աշխատանքի տեսանկյունից, մյուսները կասեն, որ ոչինչ էլ չեն անում։ Եվ կան մարդիկ, որոնք առանց որևէ գումարային փոխհատուցման իրենց ուժերն են ներդնում, որպեսզի է՛լ ավելի լավը դարձնեն դիմացինի կյանքը։
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողջ աշխարհում նշվում է Կամավորների օրը։ Տոն, որը կոչված է գնահատելու կամավորների դերն ու նշանակությունը աշխարհում, և շնորհակալություն հայտնելու բոլոր կամավորներին՝ իրենց նվիրվածության և պատրաստակամ աշխատանքի համար։
Skill.am-ի գործունեության տարիների ընթացքում տասնյակ կամավորներ իրենց ջանքերով և եռանդով մեծագույն ներդրում են ունեցել միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում։ Տոնի առիթով մենք զրուցել ենք մի քանի կամավորների հետ, որոնք տարիներ շարունակ Skill.am-ի կողքին են և ցանկացած հարցի դեպքում պատրաստակամ են օգնել մեզ։ Կամավորության շուրջ զրուցել ենք Գոռ Գալստյանի, Մոնիկա Սեկոյանի և Սոս Դաղենցի հետ։
Գոռը սովորում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կամավորության փորձ ունի ամենատարբեր կազմակերպությունների հետ։ Այն հարցին, թե ինչ է տվել իրեն կամավորությունը, Գոռը ժպտալով պատասխանում է․
«Կյանքի ինչ-որ փուլում շատ մարդկանց մոտ ի հայտ է գալիս ցանկություն բարի, լավ գործ անելու և հենց այդ ցանկությունն էր առաջնահերթ ինձ մոտ, որը դրդեց 2017 թվականին առաջին անգամ զբաղվել կամավորությամբ: Այլ տեսանկյունից հարցին նայելով կարող եմ ասել, որ կամավորությունը նաև մասնագիտական փորձառնություն է շատ ու շատ անձանց համար, որն էլ կարող է հետագայում խթան հանդիսանալ աշխատանքի անցնելու համար: Այստեղից վստահորեն կարող եմ ասել, որ կամավորությունը փոխշահավետ համագործակցություն է նաև, քանի որ օգտակար է և այն մարդուն, ում մոտ կամավորություն ես կատարում, և հենց ինքդ քեզ համար»:
Կամավորության մասին իր պատկերացումների և փորձին մասին կիսվելիս Մոնիկան, ով սովորում է Հայաստանում ֆրանսիական քոլեջում և նույնպես մասնակցում է զանազան կամավորական աշխատանքների, պատմում է․
«Կամավորությունը ինքնաճանաչման, ինքնադրսևորման և ինքնաարտահայտման լավագույն միջոցներից մեկն է: Կամավորական աշխատանք կատարելով՝ մեզանից յուրաքանչյուրն իր փոքրիկ ներդրումն է ունենում ավելի մեծի, բայց ոչ պակաս նշանակալիի իրականացման գործում: Բացի պատասխանատվության զգացումից՝ ակամայից ծագում է նաև պարտավորվածություն կամավորական աշխատանքի ողջ ընթացքում վերցնել բոլոր հնարավորն ու անհնարինը. տեսնել մյուսների ինքնաճանաչումն ու ինքնաարտահայտումը ևս, շփվել տարատեսակ փորձով հարուստ անհատականությունների հետ, որի արդյունքում հղկել սեփականը և փորձել դառնալ նրանցից մեկը»:
Սոս Դաղենցը, ով ոչ միայն կամավորության մեծ փորձ ունի, այլ կամավորության շնորհիվ անցել է աշխատանքի, ինչպես ինքն է նշում «իր սիրելի և ցանկալի ոլորտում», ասում է․
«Կամավորությունը ինձ համար անհատույց աշխատանք է՝ հօգուտ հասարակության։ Օգտագործելով քո գիտելիքները կամավորական սկզբունքով՝ օգնում ես ոչ միայն դիմացինին, այլ նաև ինքդ քեզ ձեռք բերելով նոր գիտելիք, փորձ, և ստանում ես հաճույք։ Այո՛, ինձ համար դա հաճույք է, քանի որ երբ օգնում եմ դիմացինիս կամավորական աշխատանքի միջոցով, ես ինձ է՛լ ավելի լավ եմ զգում, քան երբևէ՝ իմանալով, որ ինչ-որ մեկն իմ օգնությամբ կարողացավ իրագործել իր նպատակը, կամ ավարտին հասցրեց իր կիսատ թողած գործը»։
Skill.am-ի հետ համագործակցության մասին խոսելիս Գոռը նշեց, որ արդեն զգում է իրեն Skill-ի ընտանիքի մի մասը․
«Skill-ի հետ համագործակցում եմ արդեն 2 տարի։ Ամենամեծ միջոցառումը, որին մասնակցել եմ, եղել է Brian Traicy “Breakthrough Strategy” թրեյնինգը, որի ժամանակ ինձ վստահվեց լինել խմբի պատասխանատու: Առաջնահերթ ինձ տրվեց առաջնորդության հմտություններ ձեռք բերելու ու դրանք նաև զարգացնելուհնարավորություն, որը հաղթահարվեց իմ կողմից: Կարող եմ ասել, որ բացի դրանից նաև ձեռք բերեցի կապեր՝ տարբեր մարդկանց հետ շփվելու, ծանոթանալու համար, իսկ ամենակարևորը՝ ծանոթանալու Skill ընտանիքին»:
Սոսը մեծ ոգևորությամբ նշեց, որ առաջին անգամ կամավորական աշխատանք է կատարել հե՛նց Skill-ում
«Որոշեցի զբաղվել կամավորությամբ, քանի որ տպավորություն ունեի, որ իմ կյանքում ինչ-որ կարևոր դրվագ բաց կթողնեմ, եթե չանեմ դա․ փորձել և գնահատել գիտելիքս, հասկանալ՝ ինչը կարելի է է՛լ ավելի բարելավել, ինչ սովորել և իհարկե, ճանաչել ինքդ քեզ ավելի լավ։ Ես մասնակցեցի Բրայան Թրեյսիի սեմինարին որպես կամավոր և ձեռք բերեցի թե՛ նոր գիտելիքներ, թե՛ ընկերներ, ինչու ոչ՝ նաև գործնական կապեր, փորձ, ճանաչեցի Բրայան Թրեյսիին և Սերգեյ Օզերովին։ Ամենակարևորը՝ skill.am-ում կամավոր լինելը իմ առջև դռներ բացեց, որից հետո ես հնարավորություն ունեցա մասնակցել թե՛ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերին, թե՛ կարողացա աշխատաք գտնել իմ սիրելի ոլորտում»։
Մոնիկան կարևորեց այն փորձը, որ կարելի է ձեռք բերել կամավորության շնորհիվ․
«Մենք բոլորս կամավոր ենք». հենց այսպես մեզ դիմավորեց պարոն Ուսնունցը։ Նախկինում հաստատված այն միտքը, որ կամավորը պետք է պարզապես անի իր հասանելիք աշխատանքը և վերջ, փոխվեց նրանով, որ բոլորս պատասխանատու էինք բոլորիս համար, ձգտում էինք իդեալական կատարված աշխատանքի, որպեսզի մեզ 2 ամիսների ընթացքում հարազատ դարձած թիմակիցը ևս ունենա իդեալական արդյունք։ Մենք ունեցանք գաղափարների արտահայտման, լսելի և լսված լինելու մեծ հնարավորություն, յուրաքանչյուրս, թվարկելով իրագործման ընթացքում մեր ձեռքբերած soft skill-երը, հասկացանք, որ կամավորությունից ավելին ստանալը լեգենդ չէր: Ու վերջապես բոլորիս CV-ներում ավելացավ մի փորձ, որի հետ փորձում ենք համեմատել եղած և դեռ գալիք բոլոր փորձերը, բայց ոչ երբեք դնել նույն հարթության վրա:
Զրույցի վերջում մեր կամավորները բոլոր նրանց, ովքեր նոր են ցանկանում զբաղվել կամավորությամբ կամ նույնիսկ դեռ չեն էլ մտածել այդ ուղղությամբ, մաղթեցին քաղել ամեն հնարինը, սովորել և առաջ գնալ։
Կամավորությունը յուրահատուկ ուժ է՝ դառնալու ավելի լավը։ Այն հնարավորություն է ձեռք բերելու փորձ, հմտություններ, գիտելիքներ և ծանոթանալու ամենատարբեր մարդկանց հետ։ Կամավոր լինել, նշանակում է լինել նվիրված։ Իսկ նվիրվածությունն այն գլխավոր մոտիվացիան է, որ կարող է ունենալ ցանկացած մարդ՝ իր գործը լավագույնս կատարելու համար։ Եվ, իհարկե, մի՛ մոռացեք, որ անկախ տարիքից կարելի է կամավոր դառնալ, օգնել այլոց և զարգանալ։
#skillteam-ը շնորհակալ է տարիներ շարունակ բոլոր միջոցառումներին մասնակից դարձած բոլոր մեր կամավոր ընկերներին։ Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք համագործակցել նման մարդկանց հետ, և հուսով ենք՝ այդ համագործակցությունը շարունակելու դեռ շատ առիթներ կունենանք։
Մեր զրույցի մասնակիցները՝ Գոռը, Մոնիկան և Սոսը, ինչպես նաև տասնյակ այլ կամավորներ փորձառություն են ունեցել մասնակցելու WORLD’S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծի շրջանակներում անցկացվող ինչպես Բրայան Թրեյսիի, այնպես Կյել Նորդստրյոմի միջոցառումներին։ Արդեն 2019 թվականի ապրիլի 27-ին կկայանա նախագծի երրորդ միջոցառումը։ Դարձե՛ք միջոցառման մասնակից՝ սպասարկման ոլորտի է՛լ ավելի մեծ փորձ, կապեր և գաղափարներ ձեռք բերելու համար։