Կարիե՞րա, թե՞ ձեռներեցություն։ Այս է խնդիրը։
Կան հարցեր,որոնք հավերժ բանավեճի առիթ են լինելու։ Սա այն հարցն է, որի պատասխանը փորձում են գտնել բոլորը տասնամյակներ շարունակ։ Ոմանք բռնում են բիզնես սկսելու ուղին, մյուսները ընտրում են կայունությունը՝ ստեղծելով կարիերա որևէ կազմակերպությունում։ Սակայն թեման միշտ արդիական է և հետաքրքիր։
Դեկտեմբերի 4-ին Skillrocks-ում կայացավ Skillbattle «Կարիերա՞, թե՞ ձեռներեցություն» թեմայով։ Պայքարի երկու հակադիր կողմերում էին Բակուր Մելքոնյանը և Սամվել Աղաջանյանը։
Սամվելը, լինելով Armenian Game Changers-ի հիմնադիր, պաշտպանում էր բիզնես սկսելու գաղափարը։ Իսկ Բակուրը, չնայած նույնպես ունի իր բիզնեսը և Արտ Լանչ սննդի կետերի համահիմնադիրն է, այս անգամ պաշտպանում էր կարիերա ստեղծելու գաղափարը։

Սամվել Աղաջանյան, Armenian Game Changers-ի հիմնադիր
Բիզնես ցանկանում են սկսել շատերը, սակայն իրականում հաջողության են հասնում հատուկենտ մարդիկ։ Սամվելը, խոսելով գործարարության ուղին ընտրելու մասին, նշեց այն առավելությունները, որ ունեն գործարարները՝ ի տարբերություն վարձու աշխատողների։ Իր ելույթի ընթացքում Սամվելը նշեց մի հետազոտության արդյունքներ, ըստ որոնց՝ եթե դիտարկենք 1000 հոգու, ապա նրանցից 30-ը միայն ֆինանսապես անկախ կլինեն։ Այդ 30-ից 6-ը կարիերիստներն են, մնացյալ 24-ը՝ բիզնեսմենները։ Ստացվում է, որ ֆինանսական անկախություն ձեռք բերելու լավագույն միջոցներից մեկը հենց բիզնես սկսելն է։ Իր 20 մարտական րոպեների ընթացքում Սամվել պաշտպանեց այն գաղափարը, որ բիզնես անհրաժեշտ է սկսել առաջին հերթին պատմություն գրելու համար։ Չէ՞ որ պատմություն գրում են գործարարները, իսկ այդ պատմությունն ընթերցողները կարիերիստներն են։
Բակուրը, ընդհակառակը, խոսեց այն բարդությունների և հիասթափությունների մասին, որոնց բախվում են բիզնեսմենները։ Ըստ Բակուրի՝ բիզնես կարող են անել միայն նրանք, որոնք պատրաստ են անընդհատ ոտքի կանգնել, պատրաստ են հիասթափություններ ապրել, սակայն ամեն դեպքում առաջ գնալ։ Իսկ եթե ցանկանում եք կայուն աշխատավարձ, անփոփոխ աշխատանքային գրաֆիկ և կյանքի ռիթմ, ուրեմն ընտրե՛ք կարիերայի ճանապարհը։ Ներկայացնելով իր սեփական փորձը, այն դժվարությունները, որոնց միջով ինքն է անցել, Բակուրը փորձեց ապացուցել կարիերա ստեղծելու կարևորությունը։ Չէ՞ որ եթե բոլորը սկսեն բիզնես անել, պրոֆեսիոնալ և բանիմաց աշխատակիցներ պարզապես չեն լինի։
Թեժ, հետաքրքիր քննարկումները, կտրուկ հարցադրումներն ու տեղին պատասխանները պայքարը դարձրին իրապես արժեքավոր և տպավորիչ։

Բակուր Մելքոնյան, Արտ Լանչի համահիմնադիր
Կարիերա ստեղծելն ունի իր առավելությունները․ անհրաժեշտ չէ մեկնարկային կապիտալ, բիզնեսի զարգացման ողջ բեռը Ձեր ուսերին չէ, կարող եք օգտվել սոցփաթեթից, ունեք կայուն աշխատավարձ, աշխատանքի կայուն գրաֆիկ, հանգստի սահմանված ժամանակաշրջան։
Բիզնեսի առավելություններն էլ հետևյալն են․ կարող եք ձեռք բերել լրացուցիչ գումար և շահույթ, առկա է անձի ազատություն, ոչ մեկի հանդեպ հաշվետու չեք, կարողանում եք զբաղվել սիրելի գործով, Ձեր հանգիստը կարող եք կազմակերպել և ընտրել ինքներդ։
Ցանկացած առավելության կողքին կանգնած են հիասթափությունները, դժվարությունները ու պայքարը՝ հանուն լավ կենսակերպի և ապագայի։ Այդ է պատճառը, որ առաջին հերթին, անհրաժեշտ է զբաղվել նրանով, ինչով իսկապես ցանկանում եք, ինչը հետաքրքիր է Ձեզ։ Իմաստ չկա կենտրոնանալ փողի վրա, որը, ըստ էության, պարզապես ռեսուրս է։
Գնահատե՛ք Ձեր ժամանակը և հաճու՛յք ստացեք աշխատանքի գործընթացից։ Այսպիսին էր Skilbattle-ը, այսպիսին էր պայքարը՝ լի դրական մթնոլորտով և հետաքրքիր գաղափարներով։
Անկախ նրանից զբաղվում եք բիզնեսով, թե կարիերա եք ստեղծում, Դուք շփվում եք հաճախորդների հետ և մատուցում տարատեսակ ծառայություններ։ Այդ ամենի հիմքը որակյալ սպասարկումն է։ Դարձե՛ք Ձեր ոլորտի առաջատար՝ այցելելով «հաճախորդների սպասարկման գուրու» Ջոն Շոուլի «Սպասարկման ռազմավարություններ» միջոցառմանը։