Մարտի 3-ին skill.am թիմն անչափ ուրախ էր և բարձր տրամադրությամբ։ Ու պատճառը միայն այն չէր, որ մեր հյուրն էր Սերգեյ Օզերովը, ում հետաքրքիր և օգտակար թրեյնինգին հավաքվել էին վաճառքի մասնագետները տարբեր խոշոր ընկերություններից։ Ուրախությունն ուներ ևս մեկ պատճառ՝ մարտի 3-ը skill.am-ի ամենահիշարժան օրերից մեկն էր՝ ծննդյան գարնանային տարեդարձը: Մենք դարձանք ՄԵԿ տարեկա՛ն։
Այս կարճ, սակայն բովանդակալից և եռանդուն ժամանակահատվածում թիմը կարողացավ ստեղծել մի հարթակ, որի օգնությամբ ավելի իրական դարձան սեփական գիտելիքները, անձնական բրենդը ներկայացնելու, ինքնակրթվելու, լրացուցիր հմտություններ ձեռք բերելու հնարավորությունները` սեմինարների, թրեյնինգների և վարպետության դասերի միջոցով:
Skill.am հարթակի շնորհիվ հազարավոր մարդիկ ստացան այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք հնարավոր չէ ձեռք բերել ոչ մի ուսումնական հաստատությունում: Հարթակը գործարկվել է 2017 թվականի սկզբին։ Դեռ 7 ամիսը չլրացած՝ կայքում տեղադրվել են տարբեր մակարդակի և մասշտաբի ավելի քան 500 միջոցառում։
Skill.am-ը հիանալի հնարավորություն է լրացուցիչ կրթության ոլորտում կառուցելու անձնական բրենդը: Մեր կայքի հաճախորդների քանակն օրեցօր ավելանում է և ավելի շատ մարդ է տեղեկանում բազմազան միջոցառումների մասին, որոնք հեշտությամբ կարող է տեղադրել ցանկացած կազմակերպիչ:
Մեկ տարվա ընթացքում ունենալով հագեցած աշխատանքային առօրյա, մենք կցանկանայինք առանձնացնել ամենակարևոր իրադարձությունները skill.am-ի գործունեության մեջ:
Սերգեյ Օզերովի գարնանային թրեյնինգները
2017թ. ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցավ Սերգեյ Օզերովի թրեյնինգը “Ինչպես հեշտությամբ հաղթել բարդ բանակցություններում” խորագրով: Հայտնի թրեյները, սկսելով հասարակ առևտրից, կարողացավ հասնել բիզնես ոլորտի ու բանակցության դաշտի շատ բարձունքների և աշխատել այնպիսի աշխարհահռչակ ընկերություններում, ինչպիսիք են «Philip Morris», «Unilever», «Citibank» և «Home credit and finance bank» կազմակերպությունները:
Եվ այս տարի մարտի 3-ին՝ հենց skill.am-ի ծննդյան օրը, հայաստանյան ընկերություններին հնարավորություն ընձեռվեց կրկին ունկնդրելու Սերգեյ Օզերովին։ Իր՝ “Ինչպես վաճառել թանկ” թրեյնինգի ընթացքում նա խոսեց վաճառքներն ավելացնելու գործնական օրինակների մասին, ոգևորեց լսարանը նյութը ներկայացնելու իր յուրօրինակ ոճով՝ հարցադրումների միջոցով մշտապես ակտիվության մեջ պահելով մասնակիցներին: Անշուշտ, նրանցից յուրաքանչյուրը, թրեյնինգից քաղելով ամենաօգտակար և կարևոր հմտությունները, երախտապարտությամբ և ոգևորությամբ գնահատեցին միջոցառումը:
Վաչե Դավթյան. “Առաջնորդ և թիմ”
Ուկրաինայում հայտնի բիզնես-թրեյներ Վաչե Դավթյանը 2017թ․ մայիսին Հայաստանում անցկացվող «Առաջնորդների Զարգացման Դպրոցի» օրերի շրջանակներում ներկայացրեց իր բառացիկ թրեյնինգը՝ «Առաջնորդը և թիմը» խորագրով: Թրեյնինգը դպրոցի լավագույն բիզնես ծրագիրն էր և անցկացվել էր Ուկրաինայում խոշոր ընկերությունների համար՝ «Google», «Kyivstar», «Lindstrom Group», «Deloitte», «Yves Rocher» և այլք: Սա menu.am-ի հետ համատեղ նախագիծ էր:
Բիզնես-թրեյնինգը նախատեսված էր ձեռնարկատերերի և կորպորատիվ սեկտորի համար, որի ընթացքում Վաչե Դավթյանը կիսվեց կառավարման գաղտնիքներով, արդյունավետ թիմ ստեղծելու հնարքներով, առաջնորդության գաղտնիքներով և շահույթի մեծացման մեթոդներով:
Բրայան Թրեյսիի այցը Հայաստան
Skill.am-ի նախաձեռնած WORLD`S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծի շրջանակներում Հայաստանը դարձավ հարթակ, որտեղ ելույթ են ունենում համաշխարհային բանախոսները, մեծ մտածողները, և աշխարհահռչակ ճանաչում ունեցող բեսթսելլերների հեղինակները։
Նախագծի շրջանակներում 2017 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանում նմանօրինակը չունեցող մեգամիջոցառումը՝ լեգենդար Բրայան Թրեյսիի «ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» սեմինարը։ Մեր թիմի թեժ նախապատրաստական աշխատանքներն իրականություն դարձրեցին իր մասշտաբներով այս աննախադեպ միջոցառումը: Հաջողության հոգեբանության և նվաճումների թեմաներով խոշորագույն համաշխարհային փորձագետ Բրայան Թրեյսին ելույթ ունեցավ Գ. Սունդուկյանի անվան ազգային դրամատիկական թատրոնի մեծ և նոր վերանորոգված դահլիճում, որտեղ հավաքվեցին ավելի քան 700 մասնակից 7 երկրների 120 կազմակերպություններից։ Միջոցառումը կազմակերպվել էր BRIAN TRACY INTERNATIONAL կորպորացիայի (ԱՄՆ) գործընկեր՝ Բրայան Թրեյսիի ակադեմիայի (Մոսկվա) անմիջական աջակցությամբ:
Բրայան Թրեյսի 80 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի 42 լեզուներով: Նրա բեսթսելլեր «Առավելագույնի նվաճում» գիրքն ընդգրկվել է 50 Success Classics՝ մոտիվացիայի և առաջնորդության վերաբերյալ 50 դասական գրքերի ցանկում:
Սեմինարի ծրագրի ընթացքում մասնակիցները ստեղծեցին առաջխաղացման անհատական ռազմավարությունը, հասկացան, թե ինչպես հաղթահարել նպատակի ճանապարհին գոյացող ներքին և արտաքին արգելքները, բացահայտեցին իրենց թաքնված ներուժն ու ձևավորեցին նոր հեռանկարները:
Սպասում ենք Կյել Նորդստրյոմին
WORLD`S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծի շրջանակներում մայիսի 17-ին Երևանում ելույթ կունենա “Բիզնես ֆանկ ոճում” համաշխարհային բեսթսելլերի հեղինակ Կյել Նորդստրյոմը: Յուրօրինակ իրադարձության այս տեսակը մենք նախապատրաստել ենք ինսայթ սեսիայի ձևաչափով:
Կյել Նորդստրյոմի ելույթների ոճը բավականին դինամիկ է և ինտերակտիվ, միևնույն ժամանակ շատ մարդկային: Նա չի վախենում հրահրել լսարանը և իսկապես ակտուալ հարցեր է քննարկում: Հենց այդ առանձնահատկությունը Նորդստրյոմի ելույթների մեջ նրան դրաձնում է աշխարհում ամենաճանաչված զեկուցողներից մեկը:
Skillcoin վիրտուալ արժույթի շրջանառությունը
Ինքնակրթության ոլորտին այս կարևորագույն իրադարձությունից բացի, անցած 2017 թվականի տեխնիկական նորություններից մեկն էր Skillcoin վիրտուալ արժույթի շրջանառությունը Skill.am-ի կողմից: Արժույթի միջոցով հնարավոր դարձավ փոխանակումներ կատարել ինչպես գրքերով, այնպես էլ գիտելիքով ու հմտություններով։ Այդ վիրտուալ «փողով» կարելի է գնել ամենակարևորը այս աշխարհում՝ գիտելիքը, հմտություններն ու փորձը։
Skill.am հարթակում ներկայացված սեմինարներից, թրեյնինգներից կամ այլ միջոցառումներից օգտվելով, ձեր հաշվին անմիջապես ավտոմատ կերպով փոխանցվում են skillcoin-ները միջոցառման արժեքի 5% չափով։ Մեկ skillcoin-ը հավասար է 1000 դրամի։ Հետագայում այդ վիրտուալ արժույթի գումարը կարող եք օգտագործել այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով:
“Այբ” կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը
Մի քանի օր առաջ՝ փետրվարի 28-ին, Skill.am–ը և “Այբ” կրթական հիմնադրամը ստորագրեցին երկարաժամկետ համագործակցության հուշագիրը, որի շրջանակներում ստեղծվելու է մի միասնական թիմ “Հաջողության բանաձև” (Formula For Success) նախագիծը միահամուռ ջանքերով զարգացնելու համար:
“Հաջողության բանաձև”-ը “Այբ” կրթական հիմնադրամի ստեղծած անվճար վարպետության դասերի և ելույթների հարթակ է, ուրում Skill.am-ի միջամտությունն ու դերը թույլ կտան մեծացնել ելույթ ունեցող սփիքերների կազմը և ավելի լայնածավալ դարձնել նախագիծը: “Այբ” կրթական հիմնադրամի թիմի հետ համատեղ ջանքերով skill.am-ը թույլ կտա նախագիծը հասցնել նոր բարձունքների: “Հաջողության բանաձև” նախագծի շրջանակներում skill.am-ի կազմակերպած միջոցառումներին “Այբ”-ի տաղանդաշատ երեխաները հնարավորություն կունենան էքսպոյի շրջանակներում ներկայացնել իրենց ինովացիոն պրոյեկտները ֆանդրեյզինգի նպատակով: