Շատերը երազում են լինել հաջողակ, երջանիկ, առողջ և բարեկեցիկ: Դրանք, իհարկե, դրական ցանկություններ են, քանի որ մենք բոլորս ունենք միայն մեկ կյանք և ցանկանում ենք այն լիովին ապրել։ Սակայն ինչպե՞ս դա անել, եթե «երջանկություն» ու «հաջողություն» հասկացությունները լայն իմաստն ունեն։ Ինչպե՞ս դառնալ ավելի երջանիկ և էլ ավելի հաջողված, առավել ևս այն պահին, երբ «գործերը էտքան էլ լավ չեն», իսկ դա շտկելու ցանկությունը՝ մեծ։
Այս հարցի պատասխանն է՝ «սեփական արդյունավետություն»: Դրա շնորհիվ են մարդիկ հասնում իրենց առջև դրված նպատակներին և իրականացնում իրենց երազանքները։ Հոդվածում կքննարկենք այս թեման և կիմանանք, թե ինչ է սեփական ադյունավետությունը, դրանք բարելավելու մեթոդներն ու օգուտները։
Ի՞նչ է սեփական արդյունավետությունը
Առաջին հերթին հասկանանք, թե ինչ է նշանակում «սեփական արդյունավետություն»։ Մենք բոլորս էլ ունենք նպատակներ և դրանց հասնելու հույսեր։ Ոմանք երազում են հաջող կարիերայի մասին, մյուսները` ֆինանսական բարեկեցության: Անշուշտ, առողջ ապրելակերպը նույնպես կարևոր նպատակ է շատերի համար։ Այսպիսով, եթե դու կարող ես հասնել քո նպատակներին, ապա աշխատանքդ արդյունավետ է, իսկ եթե սահմանված բարձրունքներն այդպես էլ չեն դառնում իրականություն, ապա դու դեռ աճելու տեղ ունես։
Ինչպե՞ս աճել. բերքատու ծառը աճեցնելու մեթոդը
Հայտնի բիզնես թրեյներ Սերգեյ Օզերովը առաջարկում է հետևյալ մեթոդը, որն անվանում է «աճեցնել բերքատու ծառը»։ Եթե այգեպանը շարունակաբար հետևում և մշակում է իր ծառը, ապա նա հետագայում առատ բերք է ստանում: Նույն կերպ, եթե դու մշտապես հետևում և զարգացնում ես քո սեփական արդյունավետությունը, ապա ապագայում ունենում ես բազմաթիվ առավելություններ։ Այս գործում շատ կարևոր է հետևողականությունը։
Քայլ 1. Ծառի տնկում կամ նպատակների սահմանում
Ծառ տնկելուց այգեպանը գիտի, թե դա ինչ ծառ է և ինչպիսին է լինելու այդ ծառի բերքը։ Նպատակների սահմանումն ունի նմանատիպ բնույթ: Դրանք սահմանելուց մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին է լինելու արդյունքը այն իրականացնելու դեպքում։
Այսպիսով, առաջին հերթին որոշեք, թե որն է քո նպատակը։ Եթե դա գումարն է, ապա որքան գումար։ Եթե ավելի լավ աշխատանքը, ապա ինչպիսի աշխատանք։ Շատերը ձախողում են այս քայլը։ Անորոշությունը հանգեցնում է ոչ արդյունավետ իրավիճակի։ Եթե դու գնում ես կինոթատրոն ֆիլմ դիտելու, դա նշանակում է, որ դու նախ գտնում ես այն կինոթատրոնները, որոնք ցուցադրում են քո ուզած ֆիլմը, այնուհետև ընտրում ես ամենահարմար կինոթատրոնը և վայելում կինոդիտումը։ Կողմնորոշվի՛ր, թե որ նպատակը քեզ կտա այն, ինչ ուզում ես, ինչը քեզ պետք է, այնուհետև անցիր հաջորդ քայլին։
Քայլ 2. Նպատակի իրականացումը բաժանում ենք կարճ քայլերի
Գործը ավելի պարզ դարձնելու համար նպատակի իրականացումը բաժանիր փոքր առաջադրանքների, որոնք կարող ես իրականացնել ամեն օր։ Նպատակի վրա ամեն օր աշխատելու դեպքում դու կունենաս բավարարվածության զգացում, կհավատաս քո ուժերին ու կարողություններին: Եվ ամենակարևորը՝ ավելի մոտ կլինես նպատակի վերջնակետին և օգուտներին։
Քայլ 3. Ծառի խնամքը կամ նպատակները իրականացնելու ընթացքը
Ծառը տնկելուց հետո հարկավոր է հետևողականորեն այն ջրել, որպեսզի ծիլ տա։ Նպատակը սահմանելուց հետո, պետք է պարբերաբար աշխատել այն իրականություն դարձնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր օր որևէ քայլ կատարիր նպատակի վերջնակետին հասնելու համար։
Հարկավոր է նպատակների վրա լավ աշխատանքը դարձնել սովորություն։ Օզերովը խորհուրդ է տալիս ամենաքիչը 21 օր աշխատել նպատակի վրա։ Ընդունված է, որ սովորությունները կազմավորվում են 21 օրվա ընթացքում: 21 օր շարունակ որևէ գործողություն կատարելու դեպքում այն դառնում է սովորություն։ Հետևաբար, եթե դու նպատակների իրականացման աշխատանքը դարձնես սովորություն, ապա դրանք ավելի հեշտությամբ կիրականանան։ Յուրաքանչյուր օր` առավոտյան կամ նախորդ գիշերը, կազմիր առաջադրանքների ցուցակ և փորձիր իրականացնել դրանք օրվա ընթացքում։
«Հավատա՛, եթե դու 21 օր դիմանաս ու կանոնավոր կերպով աշխատես քո նպատակի վրա, ապա 22-րդ օրը դու դա կանես մեխանիկորեն»
Սերգեյ Օզերով
Հարկավոր է նաև որոշել այն գործիքների տեսակները, որոնք անհրաժեշտ են լինելու նպատակն իրականացնելու գործում։ Եթե ուզում ես ծառ տնկել, ապա հողը փորելու բահ է պետք, ցնցուղ` ծառը ջրելու համար և այլն։ Կողմնորոշվիր, թե որ գործիքներն են պետք նպատակները իրականացնելու համար։ Եթե ուզում ես ավելի շատ փող ունենալ, ապա պետք է մտածել լավ աշխատանքի մասին, ուզում ես կարիերայի աճ՝ կրթություն ստացիր։ Այս գործիքները նպատակն իրականացնելու կարևոր մի մաս են: Նախօրոք հասկացիր, թե դրանցից որոնք են քեզ հարկավոր, որոնք արդեն կան և որոնք հարկավոր է ձեռք բերել։
Ենթադրենք, Աննան ուզում է նիհարել 10 կգ-ով։ Աննան կորոշի, թե ինչպես է պատրաստվում հասնել այդ նպատակին` մարզասրահ հաճախելով, թե ինքնուրույն մարզվելով։ Իրականացման մեթոդը որոշելուց հետո, Աննան պետք է որոշի, թե ինչ է անելու ամեն օր իր նպատակին հասնելու համար, այլ կերպ ասած՝ Աննան նպատակի իրականացումը բաժանում է փոքր առաջադրանքների։
1-ին օր՝ գնալ մարզասրահ,
2-րդ օր՝ 20 րոպե հեծանիվ քշել, չուտել ֆասթ-ֆուդ,
3-րդ օր՝ գնալ մարզասրահ,
և այլն։
Այս ամենն անելուց հետո, Աննային մնում է միայն գործել` ամեն օր կատարել իր առջև դրված առաջադրանքներն ու լինել հետևողական։
«Երբեք, երբեք, երբեք մի՛ դադարեք ձգտել նոր գիտելիքներ ստանալու նպատակին։ Մենք հեծանիվի նման ենք. եթե կանգ առնենք, ապա կընկնենք, բայց եթե շարունակաբար առաջ շարժվենք, ավելի շատ արագություն կհավաքենք և ավելի կայուն իրավիճակ ձեռք կբերենք։
Անընդհատ կարդացե՛ք ինքնազարգացնող գրքեր, գնացե՛ք թրեյնինգների և սեմինարների, այլ կերպ ասած՝ անվերջ պտտացրե՛ք անիվներն ու արագացրե՛ք ընթացքը»
Սերգեյ Օզերով