3 միլիոն օգտատերեր, 5 միլիոն հոլովակներ և այս թիվը աճում է յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ։ Սրանք Renderforest հայկական ստարտափի ցուցանիշներն են։ Ընկերությունը նոյեմբերի 5-8-ը Լիսաբոնում մասնակցել է Web Summit 2018-ին։ Այն աշխարհի ամենամեծ ՏՏ իրադարձություններից մեկն է, որը ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագրի վարկածով համարվում է «լավագույն տեխնոլոգիական կոնֆերանսը աշխարհում»։ Skill.am-ը զրուցել է Renderforest-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Ռոման Դանեղյանի հետ Web Summit-ի, Renderforest-ի նորարությունների և ապագայի պլանների մասին։
2018 թվականի Web Summit-ին մասնակցում էին ավելի քան 75000 մասնակիցներ աշխարհի գրեթե բոլոր երկրներից։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ռոմանը, մասնակցում էին ամենատարբեր ոլորտի մարդիկ՝ ինչպես սկսնակ ստարտափեր, արդեն կայացած ընկերություններ, այնպես էլ աճման փուլում գտնվող ընկերություններ։
Renderforest-ը հանդիսանում էր Web Summit 2018-ի գործընկեր և իր տաղավարն ուներ։ Renderforest-ը ներկայացել էր 10-հոգանոց թիմով։ Նրանք ներկայացրել են իրենց ապրանքները, նոր գործառույթները, որոնցից ամենահիշարժանն ու հետաքրքիրը հոլովակների պատրաստումն էր տեքստային հիմքեր ունեցող պատրաստի սցենարի հիման վրա։ Այսինքն՝ մարդիկ պարզապես տեքստ են գրում, իսկ Renderforest-ը, հիմնվելով մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի վրա, տրամադրում է միանգամից պատրաստի հոլովակի կաղապար, որը իրենք հետագայում կարող են խմբագրել, եթե իրենք չհավանեն, փոխեն իրենց տեքստերը, մեդիաները և այլն։
ՋՈՆ ՇՈՈՒԼ, «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ», ԱՊՐԻԼԻ 27, 2019, ԵՐԵՎԱՆ
Ռոմանի խոսքերով՝ բացի հիմնական ապրանքների ներկայացումը՝ Web Summit-ը դարձել է այն հարթակը, որտեղ իրենք առաջին անգամ ներկայացրել են իրենց երկու նոր պրոդուկտները՝ լոգոների օնլայն պատրաստման և վեբկայքերի օնլայն պատրաստման հարթակները։ Այսինքն՝ Renderforest-ը դառնում է full branding փաթեթ տրամադրող հարթակ, որտեղ մարդիկ կարող են զրոյից լոգո պատրաստել, վիդեոանիմացիա կատարել և այդ ամենը հրապարակել իրենց կայքում բավականին մատչելի տարբերակով։
Այն հարցին, թե ինչպիսին էր Web Summit-ին մասնակցության տարածաշրջանային վիճակագրությունը, Ռոմանը նշեց, որ Հայաստանը ներկայացնում էին 9 կազմակերպություններ։ Հարկ է նշել նաև, որ հարևան երկրների մասնակցության տոկոսային ցուցանիշների բարձր չէին։ Թուրքիան, ունենալով 80 մլն բնակչություն, ներկայացնում էր 5 կազմակերպություն, իսկ Ադրբեջանը, որն ունի 10 մլն բնակչություն, ընդհանրապես ներկայացված չէր իրադարձությանը։
Web Summit-ին մասնակցությունը, ըստ Ռոմանի, Renderforest-ին տվեց նոր համագործակցությունների հնարավորություններ տարբեր ընկերությունների հետ, որոնք արդեն քննարկումների տարբեր փուլերում են գտնվում, տվեց բրենդի ճանաչելիության բարձրացում, ինչպես նաև ակտիվություն տարբեր մեդիայի ներկայացուցիչների հետ շփման և ընկերությունը ներկայացնելու տեսանկյունից։ Այս ամենից զատ՝ Ռոմանը նշեց, որ նման խոշոր իրադարձությունը դարձավ վաճառքների ավելացման և վեբ կայքի հոսքի ավելացման աղբյուր։
Ռոմանը մի քանի խորհուրդ տվեց այն ստարտափերին, որոնք պատրաստվում են մասնակցել Web Summit-ի պես լայնամասշտաբ միջոցառումների․
1․ Մինչ իրադարձության մեկնելը՝ հստակ իմացե՛ք , թե որ կազմակերպությունների հետ է անհրաժեշտ կապ հաստատել և որոնց հետ ինչպես համագործակցել։
2․ Ստարտափը ներկայացրե՛ք կարճ և հստակ։
3․ Անպայման ունեցե՛ք բիզնես քարտեր։
4․ Լրագրողներին հետաքրքրե՛ք նորություններով, որ կարող եք ձևակերպել storytelling-ի տեսքով։
Ամփոփելով Renderforest-ի համար 2018 թվականը՝ Ռոման Դանեղյանը որպես ամենամեծ ձեռքբերում նշեց Web Summit-ին մասնակցությունը, 4-րդ սերնդի խմբագրիչի թողարկումը, որը ավելի մեծ հնարավորություններ է տալիս մարդկանց առավել հեշտ ու արագ տարբերակով հոլովակներ ստեղծելու համար, ինչպես նաև լոգոներ և կայքեր պատրաստելու նորույթները։
Խոսելով 2019 թվականի ծրագրերից՝ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը պատմեց միջազգային ավելի շատ իրադարձություններին մասնակցելու պլանների, սպասվող բջջային հավելվածի թողարկման, ինչպես նաև հոլովակներ պատրաստելու գործում մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի ավելի շատ գործառույթներ ընդգրկելու մասին։
Եվ ամենավերջում Ռոմանի խորհուրդ-մաղթանքը բոլորին, որոնք սկսել են որևէ գործ կամ ցանկանում են սկսել։
Հետևե՛ք վերջին թրենդներին, վերջին նորություններին և մի՛ անտեսեք այն, թե ինչ է կատարվում աշխարհում։ Շատ կարդացե՛ք, կարդացե՛ք որակյալ կոնտենտ։ Մի՛ մտածեք, որ որևէ թրենդ չի համապատասխանի Ձեր բիզնեսին։ Միշտ հետևողակա՛ն եղեք, միշտ գործե՛ք, գնացե՛ք առաջ, եղե՛ք լավատես, մի՛ սպասեք արագ արդյունքների։ Փորձե՛ք պատրաստ լինել երկարաժամկետ ներդրումների և դրա հաշվին ինչ-որ բաներ կորցնելու։