Հոդվածում ներկայացված է rbc.ru -ին տված բացառիկ հարցազրույցից որոշակի հատված
«Դիտարկում արդիականության մասին․ փոփոխությունների չափազանց մեծ արագությունը մահացու է դառնում»։ Սա տարածված վախ է․ մարդիկ վախենում են, որ արտագաղթյալների ներհոսքը, մշակութային փոփոխությունները, գենդերային նախկին դերերի ոչնչացումը և այլն կհանգեցնեն արևմտյան քաղաքակրթության փլուզմանը։ Մեզ իրո՞ք ոչնչացում է սպասվում։
— Զարգացումն ինքնին օգտակար է և անխուսափելի, հարցը միայն այն է, թե ինչպես ենք մենք հարմարվում նրան։ Եթե հասարակությունը ոչ բավարար արագությամբ է հարմարվում փոփոխություններին, նրան անկում է սպասվում։ Սակայն շատ արագ հարմարումը վերածվում է հետադիմության․ հասարակությունը սկսում է կորցնել այն դրականը, որ ուներ մինչ փոփոխությունների սկսվելը։ Մինչ նոր փոփոխություններ կատարելը՝ Դուք պետք է համոզվեք, որ նախորդներն աշխատել են։ Սակայն համաշխարհայնացման հետ կապված գլխավոր խնդիրը ամենևին արտագաղթյալները և սովորական դարձած կարծրատիպերը չեն։ Մեր ժամանակաշրջանի ամենամեծ հիասթափություններից մեկը՝ գլոբալիզացիան, չհանգեցրեց ինտելեկտուալ բազմատեսականացման, չառաջացրեց կարծիքների բազմազանություն։ Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ ողջ աշխարհը սկսում է կենտրոնացված համակարգի տեսք ստանալ․ հասարակությունը շերտավորվում է, առաջանում են «մեր» և «ձեր» բաժանումներ։ Հռչակված ազատության մտքերի փոխարեն՝ ստեղծվում է իրավիճակ, որը հիշեցնում է կյանքը ամբողջատիրական պետության մեջ․ կան պաշտոնական կարծիքներ, որոնց հետ համակարծիք չլինելու դեպքում դու ստանում ես վտարվածի կերպար։
— Մարդկության նկատմամբ ինչպիսի՞ գլխավոր սպառնալիքներ եք տեսնում մոտ ապագայում։ Մեզ սպասում է նոր համաշխարհային ճգնաժա՞մ, թե՞ խոշոր պատերազմ։
— Ես չեմ կարծում, որ մոտակա ժամանակներում մենք կտեսնենք նոր, «թեժ» համաշխարհային պատերազմ Պատերազմը լավ է որոշ պետությունների և որոշ կազմակերպությունների համար, սակայն նմանները չափազանց քիչ են։ Ամենից հաճախ գերտերությունները, որոնք իսկապես կարող են իրենց թույլ տալ պատերազմել, նախընտրում են վարել դրանք այլոց ձեռքերով։
Գրանցվե՛ք Նասիմ Թալեբի Մոսկվայում կայանալիք սեմինարին
Մարդկության երկու ամենամեծ սպառնալիքները չեն վերաբերում ո՛չ պատերազմներին,ո՛չ տնտեսական ճգնաժամերին։ Ամենամեծ ռիսկը նոր համաճարակներն են։ ԶԼՄ-ները թերագնահատում են այդ վտանգը և հազվադեպ են աղմուկ բարձրացնում այնպիսի գիտական հրապարակումների շուրջ, որտեղ խոսվում է վիրուսների նոր շտամերի մասին կամ այն մասին, թե ինչպես է բակտերիաների դիմադրողականությունն աճում հակաբիոտիկների նկատմամբ։ Նման արհամարհական վերաբերմունքը համաճարակները դարձնում է նոր «սև կարապների» վերածվելու ամենահավանական թեկնածուներ։ Երկրորդ սպառնալիքը նեոլուդիզմն է (հեղ․ ուղղություն ժամանակակից փիլիսոփայության և մշակույթի մեջ, որ ենթադրում է գիտատեխնիկական առաջընթացի՝ մարդու և բնության վրա ունեցած ազդեցության քննադատություն)։ Առաջընթացը մարդկանց չի բերում այն, ինչը կցանկանային, և շատերը վերածվում են ուլտրապահպանողականների, սկսում են պայքարել գիտության և սոցիալական բարեփոխումների դեմ։ Նման միտումը առավել լավ նկատվում է իսլամական աշխարհում։
«Որքան հարուստ է կազմակերպությունը, այնքան արագ են նրա աշխատակիցները ստրուկ դառնում»
— Ձեր նոր գրքում Դուք գրում եք, որ անընդհատ աշխատանքը նոր ստրկություն է։ Եթե դա այդպես է, ինչու՞ են աշխատողները համաձայնում։ Հարյուր տարի առաջ մարդը հասկանում էր, որ, կորցնելով աշխատանքը, կարող է սովամահ լինել։ Այսօր զարգացած երկրում նա կարող է ապրել նպաստով կամ գտնել առավել մեղմ գործատուի։
— Ես զրուցել եմ բազմաթիվ տնտեսագետների հետ և եկել եմ այն եզրակացության, որ ինչքան շատ են մարդուն վճարում, այնքան ավելի շատ է նա իրեն ստրուկ զգում։ Դա գործատուի կողմից մանիպուլյացիայի յուրատեսակ մեթոդ է․ մարդը պետք է զգա, որ իրեն չափից շատ են վճարում, այդ ժամանակ նա կվախենա աշխատանքը կորցնելուց։ Հենց այդ պատճառով ինչքան ընկերությունը հարուստ է, այնքան արագ են նրա աշխատակիցները ստրուկ դառնում։ Սակայն ստրկությունը շահավետ է առանց բացառության բոլոր կազմակերպություններին։ Այլ հարց է, որ նրանցից ոմանք «ստրկացնում են» շատ կոպիտ ձևով․ օրինակ, աշխատողներին հարկադրում են համոզմունքներ, որոնք հակասում են էթիկային։
— Իսկ կա՞ հնարավորություն, որ ստրկությանը վերջ կդնեն նոր տեխնոլոգիաները։ Օրինակ, Uber-ը և Airbnb-ն փոխարինել են լրիվ դրույքով աշխատողներին ազատ կապալառուներով։
— Նրանց փորձը կիրառվում է սահմանափակ ոլորտներում․ միայն որոշ ընկերություններ կարող են աշխատել միայն կապալառուների օգնությամբ։ Նոր տեխնոլոգիաների ունեցած ազդեցությունը հասարակության վրա ընդհանուր առմամբ չափազանցեցված է։ Սոցիալական ցանցերը հանգեցրե՞լ են նրան, որ մենք դադարել ենք կենդանի շփվել կամ հեռուստացույց դիտել։ Uber-ը շրջանառությունից դու՞րս կմղի մասնավոր ավտոտրանսպորտը։ ԱՄՆ-ում անընդհատ քննարկում են այն ողբերգությունները, որոնք կատարվում են ավտոմեքենաների սեփականատերերի մեղքով և մասնավոր տրասնպորտի սահմանափակ օգտագործումը։ Իսկ Մոսկվա կատարած իմ վերջին այցի ժամանակ ես սարսափելի խցանումների հանդիպեցի, չնայած Uber-ը Ձեզ մոտ արդեն աշխատում է։ Ոչ մի նոր տեխնոլոգիա չի փրկի բոլոր խնդիրներից։ Կհանգեցնի՞ Airbnb-ն նրան, որ մարդիկ կդադարեն ապրել իրենց բնակարաններում, և կսկսեն ճանապարհորդել ամբողջ աշխարհով՝ տարվա ընթացքում տասնյակ տներ փոխելով։ Ո՛չ։ Աշխարհը փոխել խոստացող բոլոր տեխնոլոգիաներից ես միայն հավատում եմ նոր էներգետիկային։ Պարզապես այն պատճառով, որ ինքս եմ օգտվում։ Իմ տունն ամբողջովին ինքնուրույն է և աշխատում է արևի էներգիայով, ես վարում եմ Tesla։