Ճիշտ և խելամիտ կառավարման հարցը քննարկվել է հազարամյակներ շարունակ։ Բիզնեսի և տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը պահանջում է նոր մոտեցումների և մեթոդների կիրառում։
Տարվա ավարտին անհրաժեշտ է նախանշել այն մոտեցումները, որոնք կկիրառվեն 2019-ին, և ծրագրել դրանց կիրառման գործընթացը։
Ի՞նչ տեխնոլոգիաներ կորցրին իրենց արդիականությունը 2018-ի ընթացքում։ Որո՞նք են մենեջմենթի ոլորտի գլխավոր թրենդները 2019 թվականին։ Այս ամենի մասին և ոչ միայն զրուցել ենք վաճառքի և մենեջմենթի մասնագետ, “Practical Training School”- ի հիմնադիր և ղեկավար Սերգեյ Օզերովի հետ։
Ի դեպ, բանախոսը վերջերս Հայաստանում էր։ Իր «Արդյունավետ կառավարում»միջոցառման մանրամասներին և հետաքրքիր մտքերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով հղումով։
Իսկ այժմ Ձեզ ենք ներկայացնում ամբողջական հարցազրույցը։
– Որո՞նք են ԱՊՀ-ում ժամանակակից մենեջմենթի զարգացման հիմնական միտումները։
Իմ կարծիքով, ԱՊՀ-ում ժամանակակից մենեջմենթի զարգացման հիմնական միտումը կառավարման որակի բարձրացումն է։ Բոլորին առանց բացառության հասկանալի է, որ կառավարման միակողմանի «դիրեկտիվ» ոճն ունակ չէ միայնակ լուծել առաջադրանքներ, որոնք կանգնած են ղեկավարի առաջ ժամանակակից բարձր մրցակցային հասարակությունում։ Բացի այդ՝ փոխվել են ոչ միայն առաջադրանքները, այլև աշխատակիցները։ «Y» սերնդի արժեքները կտրուկ կերպով տարբերվում են «X» սերնդի արժեքներից։ Այդ իսկ պատճառով միտումը, որ ես տեսնում եմ ամենուր և որում ես ակտիվորեն մասնակցություն ունեմ, կազմակերպությունների մենեջմենթի ուսուցումն է՝ ուղղված փոփոխական պայմաններում և փոփոխված աշխատակիցների դեպքում որակի կառավարման բարելավմանը։
Հաջորդ՝ անչափ հետաքրքիր միտումը կազմակերպությունների կորպորատիվ մշակույթի զարգացումն է։ Բարձր մրցակցային հասարակությունում կազմակերպությունների միջև սահմանները վերանում են, և ամենաարժեքավոր ռեսուրսը մնում են աշխատակիցները։ Այսօր դա հաջողության գլխավոր գործոնն է։
Եվ ժամանակակից մենեջմենթի երրորդ հիմնական միտումը բազմատեսակացումն է՝ դիվերսիֆիկացիան՝ մենեջմենթի հատուկ ձևերի զարգացումը։ Շատ պահանջված են նախագծերի կառավարումը, հակաճգնաժամային կառավարումը, ռիսկերի կառավարումը։ Այս ուղղություններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ գործիքները։
– Ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցել կամ դիտել բոլոր նրանց, ովքեր արդեն տարիներ շարունակ մենեջմենթում են և նրանց, ովքեր առաջին քայլերն են անում այդ ոլորտում։
Միանշանակ՝ Փիթեր Դրաքերի «Մենեջմենթի պրակտիկա» գիրքը։ Նա մարդ է, ով սովորական մենեջմենթը վերածել է գիտության, իսկ իր գիրքը ձևավորել է ամբողջական հասկացություն այն մասին, թե ինչ է մենեջմենթը, և ներկայացրել է մենեջերին՝ որպես ցանկացած կորպորացիայի առաջին կարևոր անդամ։
Եվս մեկ հիանալի հեղինակ է Քեն Բլանշարը՝ իր «Մեկրոպեանոց մենեջեր» գրքերի շարքով։ Չափերով ոչ մեծ այս գրքերը ընթերցվում են մեկ շնչով և պարունակում են մի ամբողջ գործիքակազմ առավել արդյունավետ մենեջմենթ ձևավորելու համար։
Եվ չի կարելի չհիշել Դեյվ Լոգանի, Ջոն Քինգի և Հելի Ֆիշեր-Ռայթի «Առաջնորդը և ցեղը» գիրքը։ Վերջինս ցույց է տալիս, թե ինչպես են զարգանում առաջնորդները, ինչպես են մեծագույն դառնում և ինչ ժառանգություն են թողնում։ Հոլովակներից կառաջարկեմ Իցհակ Ադիզեսի և Մարշալ Գոլդսմիթի դասախոսությունները, որտեղ ներկայացված են մենեջմենթի վերաբերյալ հետաքրքիր մտքեր և տեսություններ։
ԴԵՅՎ ԼՈԳԱՆ, «ԱՌԱՋՆՈՐԴԸ և ՑԵՂԸ», ՄԱՅԻՍԻ 29, 2019, ՄՈՍԿՎԱ
– Ի՞նչ եք կարծում, որո՞նք են լինելու համաշխարհային պրակտիկայում 2019 թվականի գլխավոր թրենդերը։ Ո՞ր տեխնոլոգիաները կամ համակարգեր են ակտուալ լինելու, իսկ որոնք՝ արդեն չէ։
Միանշանակ Agile, որը հետագայում ևս թրենդային կլինի։ Շատ հետաքրքիր է Zappos և մի շարք այլ ընկերությունների «առանց ղեկավարների» կառավարման փորձը։ Հոլակրատիան՝ որպես կառավարման աստիճանակարգության փոխարեն ինքնակազմակերպվող թիմերով կառավարման կազմակերպման համակարգ, անսպասելի է թվում, սակայն հիանալի արդյունքներ է տալիս։
Big Data – հարթակներ, որոնք անհատականացնում են հաճախորդների հետ հարաբերությունները։ Դա արդեն ոչ թե պարզապես թրենդ, այլ անհրաժեշտություն է լինելու 2019 թվականին։
Իսկ ահա չափազանց մեծ աղմուկը բլոքչեյնի շուրջ աստիճանաբար կմարի։ Այդ տեխնոլոգիան հետագայում ևս օգտակար կլինի, սակայն արդեն ոչ բոլոր կազմակերպությունների համար, այլ միայն նրանց, ում համար կարևոր է, օրինակ, պատվիրված ապրանքին հետևելը կամ վճարման-չվճարման փաստը պարզելը։
– Եթե ամփոփենք 2018 թվականը համաշխարհային պրակտիկայում մենեջմենթի համար, որո՞նք էին գլխավոր տեխնոլոգիաները, համակարգերն ու նորույթները։
Ես կարծում եմ, որ քոուչինգի՝ որպես մենեջերի գործիքակազմի հիմնական գործիքներից մեկի զանգվածային ներդրումը գլխավոր տեխնոլոգիան էր։ Հեշտ չէ աշխատակցին ասել, թե նա ինչ պետք է անի, բայց կարևոր է հարցերի միջոցով հասնել աշխատողի համար՝ իր առջև դրված առաջադրանքների կարևորության գիտակցման։
ՍԵՐԳԵՅ ՕԶԵՐՈՎ, «OUTBOX THINKING», ՄԱՐՏԻ 2, 2019, ԵՐԵՎԱՆ
Փոփոխությունների կառավարումը 2019 թվականի գլխավոր նորույթն է։ Մեր կյանքում փոփոխությունները ավելի ու ավելի արագ են տեղի ունենում և ավելի բազմաշերտ են դառնում։ Քաղաքական իրավիճակի փոփոխությունները միանգամից ազդում են տնտեսության վրա։ Այս ամենը բերել է մենեջմենթում նոր ուղղության՝ փոփոխությունների կառավարման ձևավորմանը։
Եվ, իհարկե, հաճախորդակենտրոն դառնալն ու կազմակերպության շրջված բուրգը շատ ընկերությունների գլխավոր համակարգային փոփոխությունն են։ Դա նոր հաճախորդներ գրավելու և շուկայում նոր հաղթանակներ գրանցելու բանալին է։
Ի՞նչ է անհրաժեշտ հաճախորդակենտրոն դառնալու համար: Միանշանակ, ջանքեր, որոնք ուղղված կլինեն կազմակեպության բոլոր օղակների աշխատակիցների կողմից սպասարկման որակի բարելավմանը: Որակյալ սպասարկման կենտրոնում հաճախորդն է: Իսկ նոր հաճախորդները՝ կազմակերպության հաջողության բանալի: Գրանցվե՛ք «հաճախորդների սպասարկման գուրու» Ջոն Շոուլի՝ ապրիլի 27-ին Երևանում կայանալիք «Սպասարկման ռազմավարություններ» սեմինարին: