Երբ Մարիա Շարապովան հայտնվեց դոփինգային սկանդալում, ԶԼՄ-ներին հիացրել էր թենիսիստուհու պահվածքը։ Շարապովայի դեպքն այսօր արդեն դարձել է ճգնաժամային իրավիճակի կառավարման անթերի օրինակ։ Ներկայացնում ենք ճգնաժամային իրավիճակից դուրս գալու 6 դաս Մարիա Շարապովայի կողմից:
1. Արագ գործի՛ր, օգտագործի՛ր տեխնոլոգիաները
Դոփինգ թեստի ձախողման լուրերի հրապարակումից անմիջապես հետո Շարապովայի թիմը հափշտապ մամուլի ասուլիս կազմակերպեց։ Չնայած նրան, որ լուրերի հրապարակման պահին թենիսիստուհին Լոս Անջելեսում էր, մամուլի ասուլիսը ուղիղ եթերով հեռարձակվեց նրա պաշտոնական կայքում, որին միացան լրագրողներ ամբողջ աշխարհից։ Սա թույլ տվեց Մարիային իր տեսանկյունը հստակ արտահայտել յուրաքանչյուր հետաքրքրված լրագրողին, անկախ վերջինիս գտնվելու վայրից։ Արդյունքում լուրերը շատ արագ տարածվեցին և կանխեցին ավելորդ բամբասանքների տարածումը։
2. Մի՛ սպասիր մեղադրանքներին
Շարապովան միանգամից հասարակությանը պատմեց իր խնդրի մասին, առանց որևէ մեղադրանքների սպասելու։ Նրա ելույթը մարդկանց ուշադրությունը սևեռեց մյուս մարզիկների վրա, ովքեր նույնպես օգտագործում էին արգելված դեղամիջոցը, բայց ի տարբերություն նրանց, Շարապովան իր քայլով առավելություն ստացավ։
3. Պատասխանատվություն վերցրո՛ւ քո թերացումների համար
Ճգնաժամային հաղորդակցման ոսկե կանոնը. իմացի՛ր որն էր քո թերացումը և մի բարդիր այն ուրիշների վրա։ Այնուհետև փորձիր հասկանալ, թե ինչն էր դրա պատճառը, որպեսզի այդ թերացումը հետագայում չկրկնվի։ Շարապովան անկեղծ խոստովանեց, որ նա մեծ սխալ է գործել դեղամիջոցն օգտագործելով և զղջում է իր թիմին և երկրպագուներին հիասթափեցնելու համար։ Ավելին, երբ որ լրագրողներից մեկը հարցրեց, արդյո՞ք թենիսիստուհին մեղավոր է համարում իր բժշկին, նա պատասխանեց. «Սա իմ օրգանիզմն է և միայն ես եմ պատասխանատու նրանում հայտնված դեղամիջոցների համար»։
Համեմատության համար, Ռուսաստանի Չմուշկասահորդների Միությունը նախընտրեց մեղքը գցել բժիշկների վրա, պնդելով, որ նրանք գաղտնի ձևով են ավելացրել այն սահորդների դեղամիջոցների ցուցակին։ Ինքդ դատիր, թե ում ցուցաբերած մոտեցումն էր ավելի բարեհաջող։
4. Ազնվորեն պատմի՛ր բոլոր մանրամասները
Մեղավորությունը խոստովանելուց հետո, բացատրիր, թե ինչն էր քո թերացման պատճառը։ Պատմիր բոլոր էական մանրամասները, եթե թեկուզ դրա պատճառով հիմարի տպավորություն կթողնես հաճախորդներիդ վրա։ Դեկտեմբեր ամսվա վերջին Շարապովան նախազգուշացնող նամակ էր ստացել WADA-ի կողմից, բայց շարունակել էր օգտագործել դեղամիջոցը։ Մարիան բացատրեց, թե ինչ նպատակով և ինչքան ժամանակ էր օգտագործում դեղամիջոցը. բժիշկները նրա մոտ սրտի հետ կապված խնդիրների և դիաբետի կասկածներ ունեին։ Հանրությունը` մանրամասներին ծանոթանալուց հետո, հասկացավ, որ թենիսիտուհին առողջապահական նպատակներով էր դեղահաբը ընդունում, այլ ոչ թե խարդախ մտադրություններով։
5. Ներկայացրո՛ւ տեսլականդ
Ճգնաժամային հաղորդակցման ժամանակ` թերացումը ճանաչելուց և դրա համար պատասխանատվություն վերցնելուց բացի, անհրաժեշտ է նաև ներկայացնել հետագա քայլերը, որոնք պատրաստվում ես նախաձեռնել` հասցրած վնասներդ փոխահատուցելու նպատակով։ Շարապովան ասաց, որ նա չի ցանկանում մեծ թենիսը այս կերպ լքել և հույս ունի, որ հնարավորություն կունենա շարունակել իր կարիերան։
6. Մի՛ մոռացիր շնորհակալություն հայտնել աջակցության համար
Շարապովայի երկրպագուները վատ լուրերը ստանալուց հետո սոց. ցանցերում սկսեցին #IStandWithMaria և #LetMariaPlay զանգվածային քարոզարշավները։ Սկանդալից մի քանի օր անց Շարապովան իր էջում շնորհակալական գրառում տեղադրեց։
«Հպարտանում եմ իմ երկրպագուներով։ Իմ ելույթից ընդհամենը ժամեր անց դուք ցուցաբերեցիք Ձեր աջակցությունն ու նվիրվածությունը, որին կարելի է արժանանալ միայն գտնվելով կարիերայիդ բարձրունքում։ Ձեր ջերմ խոսքերը ինձ անդադար ժպիտներ պարգեվեցին վերջին օրերի ընթացքում և ինձ մոտ էլ ավելի ուժեղ ցանկություն առաջացրին վերադառնալ թենիսի կորտ ու նորից խաղալ։ Հույս ունեմ, որ կունենամ այդ հնարավորությունը։ Ես շատ ոգեշնչված եմ Ձեր աջակցությամբ և այս գրառմամբ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել»։
Այս գրառումը չվրիպեց ԶԼՄ-ների աչքից և սոց. ցանցային քարոզարշավին էլ ավելի մեծ քանակությամբ մարդիկ միացան։
Սկանդալից հետո Շարապովան կորցրեց այնպիսի հովանավորներ, ինչպիսիք են՝ Nike, Tag Heuer և Porsche։ Չնայած այս փաստին, Շարապովայի մնացած հովանավորները որոշեցին թենիսիտուհու կողքին մնալ՝ հաշվի առնելով նրա անկեղծությունն ու պատասխանատու պահվածքը։ Head ընկերությունը հայտարարեց, որ հպարտանում է Շարապովայի համարձակությամբ և անկեղծությամբ. «Մենք հպարտ ենք լինել Մարիայի հովանավորը և մտադիր ենք երկարաձգել պայմանագիրը»։