Ամառվա շոգ, հոգնեցնող օրերին մոտիվացված մնալը մարտահրավեր կարող է լինել անգամ ամենաջանասեր մարդու համար։ Երկար ցերեկներն ու տաք եղանակը հարմար դրդապատճառ են մոտիվացիայի անկման համար։ Եթե դուք կարող եք ժամանակ անցկացնել լողավազանի կողքին, կամ մեկնել հանգստի, ապա Ձեր բիզնեսը կամ աշխատանքը հանգստանալ չեն կարող։
Ահա մի քանի խորհուրդ՝ ամռանը աշխատանքի նկատմամբ մոտիվացիան չկորցնելու և հանգիստը արդյունավետ կազմակերպելու համար։
Կազմեք խելամիտ ցուցակ
Ամեն երեկո ցուցակավորեք հաջորդ օրվա անելիքը։ Փորձեք իրականացնել բոլոր կետերը։ Չհասցնելու դեպքում գործն ուղղակի տեղափոխեք հաջորդ օրվան։ Ամառվա շոգին պահեք ցուցակը կառավարելի և փորձեք պլանավորվածից հնարավորինս շատ բան անել ամեն օր։
Սահմանեք աշխատանքի դադարի ժամանակը
Ասելով՝ «7․30-ից հետո ոչ մի աշխատանք» կամ «Կիրակին հանգստյանս օրն է», դուք համոզում եք ինքներդ Ձեզ, որ կստանաք արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ հանգիստը։
Փոխեք Ձեր ռեժիմը
Անգամ փոքրիկ համատեքստային փոփոխությունները ազդում են մոտիվացիայի աստիճանի վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ միջավայրի փոփոխությունը հանգեցնում է թարմ մտածելակերպի զարգացմանն ու հիշողության աճին։ Ազատվեք մտավոր կաղապարներից․ վերցրեք Ձեր համակարգիչն ու գնացեք որևէ բացօթյա տեղ, կամ կազմակերպեք հանդիպումները դրսում։ Մաքուր օդը կխթանի մոտիվացիայի աճը։
Փոխեք Ձեր աշխատանքային ժամերը
Ցանկանում եք ուրբաթ կեսօրի՞ն լքել աշխատավայրը, կամ լրացուցիչ երկար հանգիստ ունենալու համար չաշխատել այդ օրն ա՞ռհասարակ՝ շաբաթվա ընթացքում երկարացնելով աշխատանքային ժամերը, արե՛ք դա։ Իմանալով, որ ամառը վայելելու համար լրացուցիչ ժամանակ ունեք շաբաթվա վերջում՝ հեշտությամբ կմոտիվացվեք անգամ ամենաշոգ օրերին։
Ընդլայնեք Ձեր գիտելիքները
Համացանցը լիքն է օնլայն կուրսերով։ Կախված Ձեր հետաքրքրություններից և պահանջներից ամառային հանգիստը լավ ժամանակ է նոր մասնագիտական գիտելիքներ զարգացնելու համար։ Գտեք ամառային հետաքրքիր դասընթացներ, որոնք թույլ կտան համատեղել հանգիստը նոր հմտություններ ձեռք բերելու հետ։ Սովորեք նոր լեզու։ Զարգացած լեզվամտածողությունը կօգնի Ձեզ հարցազրույցներում, անհարմար պահերին, նոր մշակույթ սովորելիս և ճամփորդելիս։
Հետևեք «15 րոպեների» օրենքին
Ենթադրենք, որ մի գործ ծանրացել է Ձեր ուսերին։ Որոշեք աշխատել դրա վրա ընդամենը 15 րոպե։ Ամեն բան կարելի է հանդուրժել 15 րոպեով և քիչ-քիչ աշխատելու դեպքում շատ ավելին կկարողանաք ավարտին հասցնել։ Ամենբարդը դիմանալն է․ գործը շուտով թողնելու գիտակցումը այն ավելի հեշտ իրագործելի է դարձնում։
Հարմարեցրեք Ձեր առաջարկները սեզոնի հետ
Եթե Ձեր բիզնեսն ունի սեզոնային պասիվություն, այդ շրջանի համար մտածեք այլընտանքային առաջարկներ կամ ծառայություններ՝ եկամուտն ապահովելու համար։ Դադարները կարող եք օգտագործել բարեգործություններ անելու, մարքեթինգային արշավներ կազմակերպելու համար։ Հանգիստը սեփական անվան վրա աշխատելու լավագույն ժամանակն է։
Վերանայեք Ձեր տեսլականը
Ամենօրյա թոհ ու բոհի մեջ հաճախ պլաններն ապագայի վերաբերյալ կարող են մոռացվել՝ շեղելով Ձեզ աշխատանքի գլխավոր նպատակից։ Ամռանն ինքներդ, կամ Ձեր թիմի հետ ստեղծեք ապագայի տեսլականը վիզուալիզացնող վիրտուալ հարթակ (լավ տարբերակ է Pinterest-ը)։ Այն Ձեր առջև ունենալով դժվար թե շեղվեք ցանկալի ուղուց։