«Հասարակական կարծիքը ուժ է, որը պետք է կառավել ոչ թե ենթադրությունների, այլ մասնագետների կողմից, որոնք պատրաստված են նման աշխատանք կատարելու համար։»
Դեռևս 1928 թվականին Էդուարդ Բերնեյսը նման տողեր է գրել իր հանրահայտ «Քարոզչություն» (Propaganda) գրքում։
90 տարի անց՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ին, Skillrocks-ում հավաքվել էին թվային մարքեթինգի իրական մասնագետներ, որոնք ոչ միայն ենթադրությունների հիման վրա աշխատանք չեն կատարում, այլև իրենց գործի գիտակն են և կարող են հասարակության դատին ներկայացնել իսկապես կարևոր և հետաքրքիր գրառումներ։
Թվային մարքեթինգի, սոցիալական մեդիայի մոնիթորինգի մասնագետ Տարոն Պապիկյանը և Smartology Digital Marketing Agency-ի հիմնադիր Արտակ Հարությունյանը իրական Digital Battle անցկացրին՝ կիսվելով ոլորտին վերաբերող իրենց գիտելիքներով, հայկական որոշ կազմակերպությունների՝ մեդիայում ունեցած վարքագծով և գրառումներով։
Նրանցից յուրաքանչյուրը իրենց յուրահատուկ տեսանկյունից ներկայացրեց սոցիալական մեդիայում արշավներ վարելու առանձնահատկությունները։ «Թվային մարտիկների» և բաթլին ներկա մասնագետների թեժ քննարկումները վերածվեցին անչափ հետաքրքիր և մասնագիտական բանավեճի։
Տարոն Պապիկյանն իր տեսակետը ներկայացրեց այն թերությունների վերաբերյալ, որոնց պատճառով թվային մարքեթինգը դրական արձագանք չի ստանում։ Սոցիալական մեդիայում ցանկացած գրառում պիտի լինի հստակ, ճիշտ ձևակերպված, առանց տառասխալների, հասկանալի։ Եթե գրառումն ուղղված է որևէ ապրանք վաճառելուն, ապա պետք է պատշաճ կերպով ներկայացվի տվյալ ապրանքը։ Մասնագետը խոսեց նաև հեշթեգների կարևորությունից, որոնք Ֆեյսբուքում այնքան արդյունավետ չեն, որքան, օրինակ, Ինստագրամում։ Բացի այդ՝ անհրաժեշտ է հեշթեգները կազմել հենց այն թիրախի համար, որին ուղղված է նման գրառումը։
Արտակ Հարությունյանն իր բաթլային ժամանակն օգտագործեց՝ ներկայացնելու թվային մարքեթինգի զարգացման պատմությունն ու կիրառումը արդի հարթակներում։ Ֆիքսել նպատակներն ու խնդիրները, կատարել մրցակցային վերլուծություն, կատարել ճիշտ ռազմավարական քայլեր, մշակել լավ բովանդակություն, ստեղծել հակաճգնաժամային ծրագիր և վերլուծել զարգացման ցուցանիշները։ Այս քայլերից հետո սոցիալական մեդիայում Ձեր ապրանքը կներկայացվի լավագույնս։
ԳՐԱՆՑՎԵ՛Ք “ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՃԱՌՔ” ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
Թվային մարքեթինգը չափազանց արդյունավետ և ազդեցիկ գործիք է մեր օրերում։ Կարևոր է ազդել հասարակության անդամների զգացմունքների վրա։
Digital Battle-ն ապացուցեց, որ չկան բացարձակ դրական կամ բացարձակ բացասական կարծիքներ, չկա որևէ մեկ ճշգրիտ մոտեցում թվային մարքեթինգի իրականացման հարցում։ Կան կարծիքներ, ենթադրություններ, փորձ, մասնագետներ և գործի էնտուզիաստներ, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել մարդկանց որակյալ, հետաքրքիր և ստեղծարար աշխատանք ներկայացնելու համար։
Թվային մասնագետների վառ քննարկումները, թեժ բանավեճն ու անչափ դրական մթնոլորտը ցույց տվեցին, թե ինչքան կարևոր են նման հանդիպումները։
Digital Battle: Պայքարե՛ք հանուն գիտելիքի և հմտությունների