«Երկուշաբթի օրվանից թողնում եմ ծխելը»…
«Հաջորդ ամիս սկսում եմ հաճախել մարզասրահ»…
« Ես պետք է փոխվեմ»…
«Նիհարել եմ ուզում… սկսելու եմ դիետա պահել»…
Ուզում եք փոխել ինքներդ Ձեզ, բարելավվել:
ԻՆՉՈ՞Ւ:
Ամենուր կարող եք տեսնել «Մենք Ձեզ կօգնենք փոխվել», իսկ մենք ներկայացնում ենք 13 հիմնավոր պատճառ` կյանքը չփոխելու, չփոխվելու և ուղղակի ԱՊՐԵԼՈՒ:
Չփոխվելն ապահովութուն ու հարմարավետություն է
Մարդու գլխուղեղն ունի հնուց եկող ու կարևոր ֆունկցիա՝ ապահովել անվտանգությունը: Եթե դու ոչինչ չես անում, ոչ մի նոր ու վտանգավոր իրադրություն չես ստեղծում ու ոչ էլ հայտնվում ես արկածային իրավիճակում, դուրս չես գալիս հարմարավետության զոնայից՝ ապահով ես:
Չի լինի ոչ մի քննադատություն
Հիշենք Արիստոտելի խոսքերը. «Քննադատությունից շատ հեշտ է խուսափել, եթե ոչինչ չասել, չանել ու լինել ոչինչ»: Իսկապես, ոչինչ չասելու ու չանելու պարագայում քննադատության ոչ մի առիթ չի լինի:
Կարելի է մոռանալ 10.000 ժամի կանոնը
Կա մի շատ պարզ օրենք. որևէ ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ծախսել 10.000 ժամ: Եթե չկա առաջ գնալու ցանկություն, ուրեմն կա ազատ 10.000 ժամ, ավելին` ոչ մի լարվածություն:
Միշտ կմնան նույն ընկերները
Պարզ ճշմարտություն է. կյանքի առաջընթացը ստիպում է նոր ընկերներ ձեռք բերել ու հրաժեշտ տալ հներին: Բայց ի՞նչ կարիք կա… Չէ՞ որ այնքան հաճելի է տարիների փորձով արմատացած «սեղանակից ընկերների» շրջապատում: Մարդիկ, ում դու չես խանգարի, ու ոչ էլ նրանք քեզ կխանգարեն, քանի որ ոչ ոք ոչինչ չի անում…
Չեք դառնա նախանձի առարկա
Ըստ հետազոտության արդյունքների` մարդկանց 18%-ը թաքցնում է իր հետ կատարվածը, քանի որ վախենում է նախանձի առիթ տալ: Իսկ դո՞ւ… ահա ևս մի հիմնավոր պատճառ. ոչինչ չես անում ու վերջ՝ ի՞նչ նախանձի առարկայի մասին է խոսքը:
Վերջապես կվայելեք սոցկայքերն ու սերիալները
Միայն պատկերացրեք` որքան ազատ ժամանակ կունենաք. կկարողանաք դիտել սիրելի հեռուստասերիալները, շոու-ծրագրերը: Առանց ժամացույցին նայելու հանգիստ կկարողանաք շփվել սոցկայքերում վիրտուալ ընկերների հետ:
Կարիք չի լինի ինչ-որ նոր բան սովորելու
Ցանկացած առաջընթաց պահանջում է նոր գիտելիքներ: Իսկ գիտելիքներ ձեռք բերել նշանակում է ծախսել ժամանակ, նյարդեր ու գումար: Իսկ եթե չկա առաջընթացի ցանկություն, չկա նաև սովորելու անհրաժեշտություն:
Չի լինի որ մի ցավ
Առնոլդ Շվարցնեգերն ասել է. «Ցավի զգացողությունն ինձ 7-րդ երկինք է հասցնում: Հրաշալի է: Շատերի կարծիքով դա մազոխիզմ է, բայց նրանք սխալվում են: Ես ցավը սիրելու հիմնավոր պատճառ ունեմ: Ինձ դուր չի գալիս ձեռքս ծակող ասեղի ցավը, ես սիրում եմ այն ցավը, որի արդյունքում չեմպիոն եմ դառնալու»:
Ցանկացած փոփոխության հետ ցավի զգացողություն կա՝ կորուստ, սխալ, անհաջողություն: Եթե փոխվելու միտք չունեք, կխուսափեք ցավից: Դե չեմպիոն էլ չեք դառնա, բայց դե չի էլ ցավի:
Կպահպանեք «լավ աղջկա» կամ «լավ տղայի» կերպարը շրջապատում
Երբ ընկերուհիս որոշեց թողնել ֆինանսների ղեկավարի պաշտոնն ու փոխարենը դպրոց հիմնել, բոլորը միաբերան համոզում էին հետ կանգնել այդ որոշումից:
Բայց նա արեց մտքին դրածը. ինչ «վատ աղջիկ» է, չէ՞…
Տեսնո՞ւմ ես` պետք է ոչինչ չանել հարազատների աչքին «լավը» երևալու համար, ու չասե՛ս, որ դա քիչ է:
Չի լինի ոչ մի ռիսկի գործոն
Հիշում եք չէ՞ ընկերուհուս, որ որոշեց դպրոց հիմնել: Հաստատ գիտակցում էր` ինչ ռիսկի է գնում, որ կարող է մնալ կոտրած տաշտակի առաջ:
Քեզ պե՞տք էր: Աշխատում էիր քեզ համար, հիմա նոր հոգսեր, նոր տանջանք…
Ինչևիցե, ոչինչ չփոխել նշանակում է ռիսկի չդիմել:
Կազատվեք մրցակցությունից
«Եթե նախանձի առիթ չես տալիս, ու ոչ ոք չի ուզում գրավել քո տեղը, ուրեմն դու ամենավերջինն ես»… Ավելի լավ… Ի՞նչ կարիք կա` մրցավազքի պատճառով կյանքը փչացնելու:
Կարիք չի լինի` պատրվակներ փնտրելու
Պատրվակները դժվարացնում են կյանքը: Դե երևի «ես դեռ շատ երիտասարդ եմ», դե պարզ է «ես փորձ/տաղանդ, գումար/ չունեի», կարծում եմ «արդեն տարիքս այն չէ»:
Ինչքա՞ն կարելի է, խորը շունչ քաշիր ու թերթիր հեռուստացույցի ալիքները:
Կազատվես մերժումներից
Երբևէ մերժում ստացե՞լ եք: Եթե այո, գիտեք` որքան դժվար է:
Մի պատմություն հիշեցի Էնդի Ուորխալի մասին: Նա ամենամեծ պահանջարկն ունեցող նկարիչներից է: 1956թ-ին նա որոշում է մի նկար նվիրել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին: Նրան մերժում են` պատճառաբանելով. «Թանգարանի արխիվում սահմանափակ քանակությամբ նկար կարող է պահվել: Մենք չենք կարող վերցնել նկար, որը հազվադեպ ենք ներկայացնելու ցուցահանդեսների ժամանակ»:
Պատկերացրիք չէ՞` ինչ դժվար է…
Չէ՛, տխրելու կարիք չկա, պարզապես ոչինչ չեք անում ու վերջ: Հաստատ նման նամակ չեք ստանա…