Այն Ռենդի գլխավոր` «Ատլանտը թոթվեց ուսերը» գիրքն արդեն շուրջ 60 տարի է, ինչ չափազանց տարածված է սովորական ընթերցողների շրջանում, չնայած նրան, որ բավականին բացասական է գնահատվում քաղաքական վերնախավի և մի շարք գրքամոլների կողմից:
Այս պարադոքսը, հաշվի առնելով այն փաստը, որ գրքում չկան ոչ կռվի, ոչ սպանության և ոչ էլ մարմնական սիրո ակտ նկարագրող տեսարաններ, առաջացրել է տարակուսանքի մի ողջ շղթա` կապված գրքի այդ աստիճան հայտնիության հետ:
Տնտեսագետ Բրայան Կապլանը (անգլ.` Bryan Caplan), չթաքցնելով իր համակրանքն այս գրքի նկատմամբ, կարծում է, որ այն մի յուրօրինակ դասագիրք է հասարակական ընտրության տեսության վերաբերյալ, որն ուսումնասիրում է քաղաքական գործիչների գործունեությունը` ռացիոնալ տնտեսական գործակալների տեսանկյունից:
Նա համեմատում է տնտեսության կարգավորման գործընթացը երշիկի գործարանի հետ` հիշելով հայտնի արտահայտությունը` ըստ որի քաղաքականությունը նման է նրբերշիկի. բավական է տեսնել, թե ինչպես է այն արտադրվում, և դուք այլևս չեք ցանկանա ուտել դա: «Ատլանտ»-ի հարյուրավոր էջեր նկարագրում են միայն այդ քաղաքական նրբերշիկի արտադրման գործընթացը: Ի միջի այլոց, հենց դա էլ այն պատճառներից մեկն է, որ գիրքը (ըստ քննադատների) ձգձգված է, իսկ կերպարները` «շինծու». նրանք իրենց պահում են ինչպես դասագրքային մոդելներ:
Ռենդի գիրքը լույս է տեսել դեռևս մինչև այդ թեմային վերաբերող դասական գործերի ի հայտ գալը. Մանսուր Օլսոնի «Կոլեկտիվ գործունեության տրամաբանությունը» (անգլ. Mancur Olson, “The Logic of Collective Action” ) և Բյուկենենի և Թալլոքի «Համաձայնության հաշվարկը» (անգլ. James M. Buchanan and Gordon Tullock, “The Calculus of Consent”) գործերը: Եվ ըստ Կապլանի՝ Ռենդը ավելի հեռուն է գնում, քան ակադեմիական տնտեսագետները` նկարագրելով ոչ միայն սարսափելի քաղաքական որոշումների ընդունման մեխանիկան, այլ նաև հակաուտոպիայի սկզբնապատճառը` ընտրողների համաձայնությունը պետության լիազորությունների անքննադատ ընդարձակմանը հանուն հավասարողական ճարտասանության:
«Ատլանտ»-ը նկարագրում է մի հասարակություն, որում խոշոր ձեռնարկատերերը հույսը դնում են ոչ թե արտադրության ընդլայնման և նոր ապրանքների ստեղծման, այլ լոբբիզմի վրա: Որտեղ նմանատիպ ձեռնարկատերերի դրածոները աստիճանաբար դառնում են տնտեսական դիկտատորներ, որտեղ դրամական հաջողությունը կախված է ոչ թե աշխատանքից և տաղանդից, այլ իշխանություններին մոտ լինելուց: Որտեղ պետությունը իր ձեռքով կարգավորում է ամեն մի ոլորտ` վաճառքի հանելով իր` միջնորդի ծառայությունները պոպուլիստական ճարտասանության քողի տակ: Որտեղ տնտեսական խնդիրները, որոնք առաջանում են ծայրահեղ կարգավորման արդյունքում, լուծվում են օրենքների ավելի խստացմամբ և բռնության ապարատի ուժգնացմամբ, իսկ բնակչությունը պատրաստ է քվեարկել ի օգուտ իրերի նման դրության:
Որոշելով ազատվել «փողի արիստոկրատիայից»՝ «Ատլանտ»-ի հասարակությունն արդյունքում ստեղծում է «ԽԾԲ-ի արիստոկրատիա»:
ԻՄԱՑԻ՛Ր՝ ԻՆՉՊԵՍ ՎԱՃԱՌԵԼ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ