Այո-այո: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ SkillBlog-ն ունի հատուկ անակնկալ: Մեր սքիլազրույցի հերոսն այսօր նա է, ով անմիջական կապ ունի գեղեցկության և նրա տարատեսակների հետ: Ավելին` գեղեցիկը կազմում է նրա մասնագիտության մի մասը:
«Aga Kankanyan» իմիջ կենտրոնը համարվում է լավագույններից մեկը Հայաստանում: Ագա Քանքանյան բրենդը տարածում է գտել նաև Հայաստանի սահմաններից դուրս և մշտապես արժանացել է և շարունակում է արժանանալ դրական արձագանքների:
Ինչի՞ց ամենը սկսվեց, և ինչպե՞ս Ագան տառ առ տառ հավաքեց իր հաջողության պատմությունը: Իհարկե, կարող եք անել տարաբնույթ ենթադրություններ, բայց ավելի հստակ տեղեկությունների համար շարունակե՛ք կարդալ հոդվածը: Ագան ներկայացրել է այն, ինչը Ձեզ կհետաքրքրի:
-Ինչպե՞ս հանգեցիք Ձեր մասնագիտությանը: Ի՞նչը դրդեց` որոշում կայացնելու հօգուտ հենց դիմահարդարման: Մի փոքր ներկայացրե՛ք Ձեր հաջողության պատմությունը:
Երևի թե տեղյակ եք, որ ես ի սկզբանե եղել եմ հագուստ դիզայներ: Դեռ մանկուց, երբ հարցնում էին` ինչ եմ ուզում դառնալ, պատասխանս մեկն էր` հագուստի դիզայներ: Դեռ կոմունիստական տարիներ էին և կապիտալիզմի այդ նպատակասլացությունը դեռ չէր արմատացել մարդկանց մեջ և մինչ մեր սերնդի այլ աղջիկներ տեսնում էին իրենց ապագան ուսուցչուհու կամ բժշկի դերում, ես հաստատակամորեն ուզում էի դիզայներ դառնալ. կտրատում էի «Բուրդա» ամսագրի նկարները, ներքևում գրում անունս,- ժպտում է Ագան:
Ես սովոր եմ, որ կյանքում ոչինչ ինքն իրեն չի լինում: Դեռահասությանս տարիներին դիզայնի կայացած դպրոցներ որպես այդպիսիք դեռ չկային Հայաստանում: 15 տարեկան էի, երբ բացվեց «Ատեքս» նորաձևության կենտրոնը, որի տնօրենն այդ ժամանակ ազգությամբ հրեա Անդրեյ Միլմանն էր: Նշում եմ ազգությունը հատկապես այն պատճառով, որ նա կարողացավ իմ բնավորության մեջ որոշ, եթե կարելի է այդպես ասել, հրեական գծեր մտցնել:
Այդ ժամանակ, երբ հագուստով էի զբաղվում, դիմահարդարում կոչված առանձին մասնագիտությունը դեռ չկար: Չկային նաև գործիքներ. 3 վրձինով հեռու չես գնա: Ես սկսեցի ցուցադրությունների ժամանակ ինքս կրեատիվ լրացումներ անել և դա չվրիպեց Միլմանի աչքից: Եվ աստիճանաբար սկսեցի ցուցադրությունների ժամանակ դիմահարդարմամբ զբաղվել:
Ես այս ամբողջ ընթացքում անընդհատ պատկերացնում էի: Ինձ հաճախ են հարցնում, թե արդյոք պետք է նկարել իմանալ: Բնավ: Ամենակարևորը պատկերացումն է: Կարող ես շատ լավ նկարիչ կամ արտանկարիչ լինել, բայց դեմքը չզգաս, պատկերացում չունենաս: Իսկ դա առանցքային է: Դեմքը պետք է զգաս, որ հասկանաս, թե ինչպես կարող ես այն ավելի գեղեցկացնել:
Եվ այսպես, սահուն կերպով անցա այս ոլորտ: Նախ հայտնի դարձա ունքերի շնորհիվ և սկսեցի փորձարկումները քույրիկիս, մորս, հարևանների վրա և ամեն ինչ սկսեց ծավալվել:
–Նշեցիք Անդրեյ Միլմանին: Իսկ ի՞նչ եք նրանից սովորել: Նույն խորհուրդներով դաստիարակո՞ւմ եք արդյոք Ձեր ուսանողներին և աշխատակիցներին:
Նույնիսկ այսօր, երբ նախկին կուրսեցիներիս և ընկերներիս հետ խոսում եմ, հաճախ եմ հիշատակում այն համեմատությունները, որ անում էր Միլմանը: Ինքս իմ ուսանողներին եմ սովորեցնում ճիշտ նայել կյանքին, առողջ վերաբերվել մրցակցությանը, էներգիան ճիշտ ուղղությամբ օգտագործել: Շատերը Միլմանին այս մանրամասնությամբ չեն հիշում, բայց կարծում եմ նա այն մարդն է, ով իսկաապես պետք է այդ շրջանում հայտնվեր իմ կյանքում:
-Իսկ կարո՞ղ եք նշել ևս քանի մարդկանց, ովքեր Ձեզ իսկապես ոգեշնչում են և ումից Դուք պատրաստ եք սովորել:
Միգուցե չհավատաք, բայց ես ամեն հանդիպած մարդուց մի բան վերցնում եմ: Չեմ կարող հստակ մարդկանց նշել: Ես կարող եմ սովորել անգամ փոքր երեխայից: Սովորում եմ տղայիցս, ամուսնուցս: Չունեմ սահմաններ: Ինչպես ասում են, անհրաժեշտը «գողանում», կարծես վակուումի մեջ եմ վերցնում այն ամենը,ինչն ինձ նոր բան կսովորեցնի:
-Վերցնելուց բացի Դուք նաև շռայլորեն տալիս եք: Դուք նաև ունեք դպրոց, կիսվում եք փորձով: Հաշվի առնելով այս հանգամանքը` ինչպե՞ս եք վերաբերվում ինքնակրթությանը:
Հարցը շատ լավն է: Շատերն են նման բան ենթադրում. «Սովորեցնելիս միևնույն է իր բոլոր «ֆիշկաները» չի նշելու»: Ընդհակառակը: Ես ամեն յուրահատկության մասին խոսում եմ. սա ինքնաբավության հարց է: Ինչ նկատի ունենք, երբ ասում ենք «ՖԻՇԿԱ»: Դա այն է, ինչով տարբերվում ես բոլորից: Ինչպես է լինում, որ 15.000 նկարչից ոչ ոք Վան Գոգ չէ: Պատճառը մեկն է: Մյուսներն արտանկարիչ են: Իսկ այն մի քանի հոգին, ովքեր գտել են իրենց «ֆիշկան», հանգիստ, ինքնաբավ կերպով կարող են զբաղվել այլոց սովորեցնելով:
Ինքնաբավ եմ, քանի որ ունեմ որոշակի վստահություն, որ իրոք կարող եմ զգալ մարդու դեմքը: Չեմ նկարում աչքերի ստվերը, ես զգում եմ, թե ինչ ձև պետք է ունենա կոնկրետ մարդու դեմքը դիմահարդարումից հետո:
Այդ է պատճառը, որ կարող եմ հանգիստ բոլորին սովորեցնել տեխնիկա: Ամեն մարդ միևնույն է իր ուրույն ձևով է զգալու այն: Հենց այդ զգացումն է, որ ինձ ինքնավստահ է դարձնում:
Մենք ունենք ինդիվիդուալ կուրսեր նրանց համար, ովքեր ուզում են կարճ ժամանակահատվածում սովորել, թե ինչպես իրենք իրենց հարդարեն: Ինդիվիդուալն ավելի եմ ընդունում, քան մասսայական ուսուցումը, քանի որ վերջինս ավելի արդյունավետ է:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այլ մասնագետների թրեյնինգներին, վարպետության դասերին: Սիրո՞ւմ եք հաճախել թրեյնինգերի, ճամփորդել, սովորել:
Իրականում շատ եմ սիրում թրեյնինգներ: Նույնիսկ երբ ուսանողներս հարցնում են, թե արժե արտասահմանում այս կամ այն միջոցառմանը մասնակցել, հորդորում եմ անպայման գնալ և սովորել: Ընդհանրապես մեր ամբողջ ստուդիան անընդհատ սովորելու գործընթացի մեջ է: Գրեթե միշտ ստուդիայում 2 հոգի պակասում է, քանի որ հաճախում է այս կամ այն դասընթացին: Նույնիսկ այն մարդու մոտ արժե գնալ, ով այնքան էլ աչքի ընկնող չէ, քանի որ այն նյութի մեջ , որ ներկայացվում է, գուցե ինքը հեղինակը չտեսնի մի կարևոր մանրուք, որը նկատելով` կարող ես սեփական «ֆիշկան» ստեղծել:
-Մեր երկրում ամենատարածված արտահայտություններից մեկը հետևյալն է`«գործ չկա»: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:
Համաձայն եմ այն մտքի հետ, որ ամեն ինչ կախված է մարդուց: Եթե նա ցանկանում է գտնել, նա կգտնի: Ցանկացած մասնագետի չծաղկելու պատճառն ինքն է: Եթե հաճախորդը գնում է քեզնից, ուրեմն ինչ-որ բան այն չես արել: Արա ճիշտ քայլ և նա կվերադառնա:
Շատերը կանգնում, ասում են` «Ազգի ձեռքը գումար չկա», «Շրջանառություն չկա», բայց չեն խորանում այն մտքի մեջ, որ միգուցե իրենք են մեղավոր, իրենք են վատ կառավարիչ:
Մի բան անելիս ինքս 7-8 տարով փորձում եմ առաջ նայել: Այդ է պատճառը, որ չնայած շատերը չեն հասկանում, թե ինչու եմ անում որոշ քայլեր, բայց ուսանողներիս ցանցը պատում է գրեթե ամբողջ աշխարհը: Ունեմ ուսանողներ անգամ Ֆինլանդիայից:
-Բիզնեսում կա մի սկզբունք, ըստ որի` եթե հաճախորդը քեզնից ուզում է ՄԵԿ, դու նրան պետք է տաս ԵՐԿՈՒ, որ վերջինս իրեն բավարարված զգա: Գործադրո՞ւմ եք այս սկզբունքը Ձեր նախաձեռնություններում:
Լիովին համաձայն եմ դրա հետ: Մենք միշտ փորձում ենք անել այնպես, որ հաճախորդը «պարտքի զգացումով» գնա: Եթե նա գնաց «պարտքի զգացումով», անպայման ետ կգա: Եթե հաճախորդը տալիս է որոշակի գումար դիմահարդարման համար, պետք է անես այդ գումարի արժեքը գերազանցող մեյք-ափ, որ գոհացնես և վստահեցնես, որ անտարբեր չես: Շատ եմ կարևորում վստահության և անկեղծության սկզբունքը: Աշխատողին գուցե կարող ես փոխել, իսկ հաճախորդին կորցնել չի կարելի:
–Մենք վերջերս Վրաստանում էինք և աչքի զարնեց այն հանգամանքը, որ աղջիկները սկսել են գրեթե չհարդարվել, տուրք են տալիս ազատ ոճին, իսկ մեզ մոտ դա դեռևս հակառակն է: Ինչի՞ց է դա գալիս:
Կարծում եմ` վատ չէ, որ մեր աղջիկները սիրում են հարդարվել: Ամեն երկիր ունի իր մոդան, ընդունվածը: Մեզ մոտ արտաքինն առավել ներկայացուցչական է, ինչն ընդունում են շատ երկրներում: Դա վատ չէ, բայց ամեն վայր ունի իր կանոնները: Իհարկե ջինսն ու բնականը շատ գովելի են, բայց կան դեպքեր, երբ դա կարող է ընդունվել իբրև անհարգալից վերաբերմունք կոնկրետ առիթի նկատմամաբ: Չափը պետք է պահպանել և պարզապես լինել խնամված:
-Եվ վերջապես, կիսվե ՛ք այն դիմահարդարման ոլորտի տենդենցներով, որ մեզ սպասում են այս տարում:
2015-ից տենդենցը թաց, շնչող դիմահարդարումն է: Ինքս թեթև դիմահարդարման կողմնակից եմ: Սիրում եմ, երբ ամենն ընդգծվում է, բայց նաև թարմ է երևում: Աստիճանաբար գնում ենք դեպի յուրաքանչյուր աղջկա անհատականության պահպանումը, խնամքին մեծ տեղ տալը:
Անչափ շնորհակալ ենք Ագային` հարցազրույցի համար, որը, վստահ ենք, շատ սկսնակների կհուշի, թե ինչ ուղիով շարժվեն: Շնորհակալությունը վերաբերում է նաև գեղեցիկն արարելուն և մյուսներին ևս այդ հմտությունը փոխանցելուն:
Արարե՛ք գեղեցկություն: Գնահատե՛ք գեղեցիկը: Եղե՛ք գեղեցիկ:
SkillBlog-ը շնորհավորում է Ձեր ՄԱՐՏԻ 8-Ը: