Մի՛ վատնեք Ձեր ժամանակը «տոքսիկ» մշակույթ ունեցող ընկերությունում
Վերջերս Դավիդ Յան
ի մասնակցությամբ միջոցառման ժամանակ Армине Казарян (Armine Ghazaryan) -ի խոսքից ինձ համար ուշագրավ մի նկատառում առանձնացրի.
«HR կարևոր գործառույթներից մեկն է՝ անել հնարավոր ամեն բան վաղ փուլերում բացահայտելու «տոքսիկ» մարդկանց, որպեսզի վերջիններս չհասցնեն «թունավորել» ընկերության ներքին մշակույթը»:
❓Ի՞նչ է նշանակում «տոքսիկ» մարդ կամ մշակույթ:
Վատ կորպորատիվ մշակույթը կեղտ է շարժիչում, որն առաջին հերթին դանդաղեցնում է շարժիչի աշխատանքը և, ի վերջո, ամբողջովին խախտում մեխանիզմը:
Ամենից հաճախ ընկերությունների աշխատակիցների համար խնդիրները չեն բխում աշխատանքի կամ առաջադրանքների բովանդակությունից: Դժվարությունները սկսվում են ընկերության քաղաքականության, հիմար կանոնների և բացասական հույզերի պատճառով, որոնք տարածվում են ամբողջ թիմում:
Իրականում, աշխատակիցների մեղքը չկա այդ դժվարությունների առաջացման գործում: Միշտ մեղավոր է ընկերությունը: Վատ մշակույթը կեղտ է շարժիչի մեջ, որն առաջին հերթին դանդաղեցնում է նրա աշխատանքը և, ի վերջո, ամբողջովին խախտում մեխանիզմը: Երբ ընկերության մշակույթը առողջ է, աշխատանքը կատարվում է շատ ավելի հեշտ և արդյունավետ: Խելացի և ընդունակ շատ մարդիկ թողնում են իրենց աշխատավայրերը ոչ թե աշխատանքի կամ փոխհատուցման փաթեթների պատճառով, այլ որովհետև նրանք հոգնում են ամեն օր «վատ մշակույթի հսկայական կտոր վերև հրելուց»:
Հավանաբար շատերն արդեն եղել են նման իրավիճակում: Կարող եք երկար ժամանակ «չնկատել» Ձեր տանջանքը, բայց վերջիվերջո կանգ առեք և ինքներդ Ձեզ հարցրեք. «Ինչու՞ եմ ես դա անում: Ոչ ոք դա չի գնահատի: Ի՞նչ եմ ես ապացուցում»: Վաղ թե ուշ գալիս է պատասխանը. «Այս ամենը շատ բարդ է, չեմ կարծում, որ մոտ ապագայում ինչ-որ բան կփոխվի դեպի լավը, ես այլևս չեմ կարող դա անել»:
Ղեկավարների մեծամասնությունը դժվարությամբ կարող է բացահայտ ընդունել, որ կորպորատիվ մշակույթում առկա են խնդիրներ: Նրանք վախենում են տեսնել, որ իրենց ներդրումն են ունեցել ընկերության թունավոր մշակույթի զարգացման մեջ:
Վախը այն թեման է, որի քննարկման կարիքն ունեն բոլորը, բայց միայն եզակիներն են դա անում: Ինչի՞ց կարող է վախենալ գլխավոր տնօրենը: Նա վախենում է չհասնել իր նպատակներին, այդ պատճառով գոռում է և սպառնում «սպանել բոլորին»: Նա վախենում է հիմար երևալ իր ենթակաների առջև, ուստի «խելացի» բառեր է հնչեցնում ամբիոնից, թեև պարզապես պետք է ասի. «Իրականում ես չգիտեմ, թե մենք ինչ պետք է անենք: Ի՞նչ կարծիքի եք»:
Նա վախենում է առաջնային դիրք չունենալ, ուստի հայտարարություններ է անում և ոչ թե շփվում գործընկերների հետ բրեյնսթորմինգների ժամանակ: Նա վախենում է լսել վատ լուրեր, որոնք կարող են սպառնալիք լինել նրա ինքնագնահատականի համար, ուստի իր շուրջը պատ է ստեղծում, որը նրան պաշտպանում է նմանատիպ տեղեկություններից:
Անկայուն կորպորատիվ մշակույթ ունեցող ընկերությունում յուրաքանչյուր ոք կարող է խոսել ոչնչի մասին, բայց երբ խոսքը վերաբերում է ընկերության մշակույթին, բոլորն արդարացումներ են գտնում այս հարցի վերաբերյալ իրենց կարծիքը չարտահայտելու համար: Աշխատակիցներն ասում են. «Ես չեմ խոսելու. դրա համար ինձ կարող են ազատել աշխատանքից»: Միջին մակարդակի ղեկավարները գտնում են ուրիշ արդարացում. «Ի՞նչ կարող եմ ես անել իրավիճակի փոփոխության համար: Ես պարզապես առաջին մակարդակի ղեկավար եմ»: Փոխնախագահը կասի. «Ես չեմ կարող վտանգել իմ դիրքը: Իմ ղեկավարը չի ցանկանում լսել ճշմարտությունը»: Նույնիսկ գլխավոր տնօրենը կարող է ասել. «Իմ թիմը ինձ ոչինչ չի ասում: Ի՞նչ պետք է անեմ, եթե մարդիկ լռում են»:
Դուք աճում եք և՛ որպես պրոֆեսիոնալ, և՛ որպես անձ, երբ հարցեր եք տալիս կամ նկատում որևէ դժվարություն Ձեր աշխատավայրում՝ անկախ նրանից, թե ընկերությունում ինչ դեր ունեք: Գուցե փոփոխություններ են անհրաժեշտ նախագծերի կառավարման ալգորիթմի մեջ, կամ դժվարություններ կան բաժինների միջև շփման մեջ: Ինչ էլ որ լինի հարցը, փորձեք գտնել Ձեր մեջ քաջություն` ընտրել ճիշտ ժամանակն ու բառերը` այն քննարկելու և գործողություններ ձեռնարկելու:
Երբ առաջին անգամ բարդ թեմա բարձրացնեք, իհարկե, գուցե վախենաք: Բայց ճշմարտությունն ասելը, որը Ձեզ անհանգստացնում է, շատ ավելին է, քան իզուր անհանգստանալ այն բանի մասին, ինչը իբրև չեք կարող փոխել:
Թունավոր կորպորատիվ մշակույթի 🔟 նախանշան.
1️⃣Թիմում շփման, ժպիտների, կատակների և աջակցության պակասը: Ֆորմալ փոխազդեցություն, լարված մթնոլորտ, որը նորեկները լավ զգում են, բայց ընկերության «հնաբնակները» այլևս չեն նկատում:
2️⃣Կենտրոնացվածությունը պաշտոնների, ցուցումների և հիերարխիայի վրա: Թունավոր միջավայրում աշխատող մարդկանց համար անգամ երևակայական ուժն ավելի կարևոր է, քան այն առաքելությունը, որին նրանք իբրև թե հետևում են: Կարգավիճակը, «պատկերը» և բոնուսները նրանց համար ավելի կարևոր են, քան հաջողությունը, որը չափվում է ուրիշ չափանիշներով և ավելի կարևոր է, քան թիմում վստահության մակարդակը, չնայած նրանք նույնիսկ չեն մտածում այդ մասին:
3️⃣Կանոնների և քաղաքականության ավելի մեծ կարևորությունը: Սա ավելի կարևոր է, քան գործընկերների առողջ բանականությունը, բազմամյա փորձը կամ իրավիճակի հարուստ համատեքստը, որի հետ գործ ունեք: Բոլորը վախենում են, որ կտուգանվեն կանոնները խախտելու համար, ուստի աշխատում են հնարավորինս աննկատ մնալ:
4️⃣Մենեջերների և աշխատակիցների միջև փոխգործակցության բացակայությունը: Նման փոխազդեցություն, եթե անգամ առաջանում է, ապա այն միակողմանի է լինում. ղեկավարը իր ենթականերին ասում է, թե ինչ անեն: Ղեկավարության և աշխատակիցների միջև այլ խոսակցություններ և համագործակցություն չկա:
5️⃣Աշխատակիցները լռում են իրենց դժգոհության մասին, նույնիսկ եթե դա շատ լուրջ է: ՄՌ ներկայացուցիչները չեն մասնակցում թիմի կյանքին և ձևացնում են, որ չեն նկատում ճնշող մթնոլորտը: Բնականաբար, նման իրավիճակում նրանք չեն կարող աջակից լինել այլ աշխատակիցների համար:
6️⃣Ուշադրությունը կենտրոնացած է խախտումների և թերությունների վրա, իսկ ջանքերն ու հաղթանակները չեն ճանաչվում:
7️⃣Աշխատակիցները չեն արտահայտում իրենց կարծիքը նույնիսկ այն դեպքում, երբ նրանց առջև անհնարին նպատակներ են դնում, հիմար գաղափարներ են առաջ բերում և ստիպված են աշխատել անիրատեսական ծրագրերի վրա: Նրանք լռում են աշխատանքի ընթացքում, բայց դրանից հետո դժգոհում են ընկերների մոտ հիմար առաջնորդներից իրենց հիմար առաջադրանքներով:
8️⃣«Կուլիսների ետևում» հաղորդակցությունը շատ անգամ ավելի արդյունավետ է, քան ընկերության պաշտոնական հաղորդակցման համակարգը:
9️⃣Աշխատանքի իրականացման ընթացքում գործողության ազատության ամբողջական սահմանափակումը: Յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր գործընթաց, նկարագրված է մինչև ամենափոքր մանրուք: Աշխատակիցները պարգևատրվում են (եթե առհասարակ պարգևատրվում են) միայն կանոններին հետևելու համար, բայց ոչ երբեք նախաձեռնության և նոր գաղափարների համար:
🔟Վախը միշտ առկա է: Շշուկով խոսակցություններ աստիճանների վրա, մշտական մտահոգություն իրենց աշխատատեղը պահպանելու համար … Ոչ ոք ապահով չէ:
Եվ թունավոր կորպորատիվ մշակույթի մեկ այլ ընդհանրացնող հատկանիշ՝ համայնքի բացակայությունը: Այն քչերը, ովքեր «համարձակվում են» կատակել իրար հետ, ենթարկվում են այն մարդկանց կասկածելի հայացքներին ու բամբասանքներին, ովքեր վախենում են գլուխը բարձրացնել սեղանից: Բաց մարդիկ և պրակտիկ մտածողները չեն մնում այդպիսի ընկերությունում և հեռանում են կամ իրենց են «թողնում»:
🗒Մի՛ վատնեք ժամանակ աշխատելով նման ընկերությունում: Եթե դեռևս չկա հնարավորություն գումար վաստակելու այլ տեղում, շտապ սկսեք նոր աշխատանք փնտրել և հենց գտնեք, հեռացեք թունավոր վայրից, հակառակ դեպքում դա կարող է Ձեզ ճահճի պես իր մեջ ներս քաշել: Միշտ զարգացեք, խոսեք այն մասին, ինչը Ձեզ դուր չի գալիս՝ անկեղծորեն և ուղղակիորեն, մի վախեցեք «ուրիշ» թվալուց:
Սկզբնաղբյուր՝ http://bit.ly/31wcpiU