Ջորջ Ռ. Ռ. Մարթինի «Սառույցի և Հրո երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող Գահերի խաղը հեռուստասերիալի հերթական եթերաշրջանը «պայթեցնում» է համացանցն ու ժամանակակից հեռուստատեսությունը: Չնայած հեռուստասերիալն ունի վիշապների, սուսերամարտի ու կախարդության իր մեծ չափաբաժինը, սակայն ֆիլմի հենց քաղաքական ուղղվածությունն ու իշխանության համար պայքարն են իրար կապում հեռուստասերիալի հերթական էպիզոդներն ու եթերաշրջանները: Skill-ի թիմն այս անգամ փորձեր է արել ի մի բերել` ինչ է, ի վերջո, անհրաժեշտ իսկական առաջնորդին բաղձալի Երկաթե գահին հասնելու համար: Սփոյլերների քանակը հոդվածում` զրո:
- Մի՛ ձևացրեք, թե չեք խաղում:
Բոլորս էլ հիշում ենք համայն Վեսթերոսի լավ տղա` Նեդ Սթարքի ողբերգական մահը: Իսկ հիշո՞ւմ եք՝ ինչ ասաց այդ առիթով «սիրելի» թագուհի Սերսեան. «Գահերի խաղում դու կա՛մ հաղթում ես, կա՛մ մահանում»: Միշտ հիշե՛ք, որ առաջնորդի դերում Ձեզնից հավասարապես պահանջվում է լինել համառ և ճկուն, պարզ և խորամանկ:
- Ինֆորմացիան Ձեր միակ մշտական դաշնակիցն ու գործընկերն է:
Վարիսի «շշնջացող» թռչնակներից մինչև Ջոն Սնոուի` Պատից այն կողմ ապրող վայրենիների հետ անձամբ ծանոթանալու ցանկություն` Գահերի խաղը մեզ սովորեցնում է, որ փաստերն ամեն ինչ են։ Այլ հարց է՝ երբ ու ինչ նպատակով եք օգտագործում դրանք: Դուք պետք է առաջինը տեղեկանաք Ձեր ոլորտի նորություններին:
Գրանցե՛ք առաջմղում, միացե՛ք ընտրյալներին Բրայան Թրեյսիի հետ հոկտեմբերի 28-ին Երևանում
- Պետք չէ «Վառե՛լ նրանց բոլորին»:
Պետք է խոստովանել, որ բոլորիս հոգու խորքում էլ նստած է փոքրիկ Էիրիս Թարգարիեն, ով հատկապես լարված աշխատանքային օրերին բարձրաձայն շշնջում է. «Վառե՛լ նրանց բոլորին, վառե՛լ նրանց բոլորին»: Դե, իհարկե, մահապատիժներն ու շանտաժը արդյունավետ են այնքանով, որ բոլորը ՍՏԻՊՎԱԾ են կատարել իրենց պարտականությունները և ոչ մի կետ ավել դրանցից: Սովորե՛ք լինել պահանջկոտ, բայց խելամտության սահմաններում:
- Մտածե՛ք Ձեր իմիջի մասին:
Իսկական առաջնորդի համար միշտ կարևոր է, թե ինչ են իր մասին մտածում ենթակաները: Դեյեներիսին քոչվոր ցեղի առաջնորդի դեռատի կնոջ պաշտոնից մինչև «Դեյեներիս Առաջին Ամպրոպածին Թարգարիենների տնից, սերված Վալարիայի հինավուրց արյունից, Անկիզելի, Մեերինի թագուհի, Անդալների, Րոյնարների ու Առաջին մարդկանց թագուհի, Մեծ Կանաչ ծովի քալիսի, Շղթաների կործանիչ ու Վիշապների մայր» դարձրեց հենց ժողովրդի սերն ու հարգանքը. իսկ այ պարբերաբար կրակի ճիրաններից մերկ դուրս գալը ցանկալի է, բայց ոչ պարտադիր:
- Ով էլ լինեք, եղե՛ք Արյա Սթարք:
Յոթ եթերաշրջանների ամբողջ ընթացքում առանց լուրջ աջակցության, փողի ու իշխանության այս աղջիկը ցուցադրում է ողջ մնալու և տեղին ադապտացվելու իսկական տաղանդ` լինի իր ընտանիքի ոխերիմ թշնամիների տանը, թե Բրաավոսի Սև ու սպիտակ տաճարում: Բաց եղեք նոր փորձի համար և անգամ եթե «ոչ ոք» եք, հիշեք, որ հոգու խորքում Դուք Արյան եք:
Նյութի հեղինակ՝ Լիլի Սարաջյան